Արցախի պետական համալսարան

Anna1Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի կողմից հայտարարված «Լավագույն ստեղծագործող» մրցույթում Աննա Մուսայելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը:

Գեղեցիկ, սքանչելի, քաղցրահնչուն մի լեզու կա աշխարհում, որով խոսում է հինավուրց, անչար, ազատաբաղձ, շինարար մի ժողովուրդ: Այդ լեզուն հայերենն է: Հայերենն աստվածային լեզու է, այո, որովհետև այն գալիս է շատ հեռվից` ժամանակի ակունքներից: Գալիս է հայկյան նետի շառաչով, Արարատի հպարտ ու վեհ կեցվածքով, մեր գետերի, մեր ջրերի մաքրությամբ ու անաղարտությամբ, մեր պատմության բազմադարյա խոհերով, գալիս է մեր հայրերից, մեր ապուպապերից:

Հինավուրց իմ լեզուն թաթախված է նաիրյան դաշտերի վաղորդյան ցողով, հայոց վանքերի իմաստուն խորհրդով, հայ շինականի արդար քրտինքով վաստակած թոնրահացի բուրմունքով: Մեր լեզուն կարծես տատիս գործած կարպետը լինի՝ նախշազարդ ու հազարագույն:

Որքա՜ն դյութիչ ես, որքա՜ն թախծալից, բայց նույնքան զորավոր ու խրոխտ, իմ մա՛յր լեզու: Դու հայի երեկն ես, այսօրն ես, վաղն ես, նրա պահապան սուրբ ոգու ուժն ես: Դու կարծես հայ զինվորին ռազմի դաշտում պաշտպանող վահանը լինես, որի շնորհիվ դարեր շարունակ պահպանել ես մեզ ձուլման վտանգից: Իմ քաղցրահնչյու՛ն լեզու, դու՛ ես մեր մագաղաթյա սուրբ պատմության անխոս վկան, հայոց վանքերի վեմն ու խաչքարը: Հայն իր քարե երկրի ամրությունն է դրել քո մեջ, իր կարմիր գինու եռքը, իր խաչքարի գեղեցկությունը…Դու իմ արյունն ես, հայերեն խոսող, հայերեն երգող իմ սիրտն ու միտքն ես:

Մեր արահետը հեշտ չի ընթացել, մեր ուղին հանգիստ չի անցել, քանի որ շատերն են ցանկացել խլել մեզանից մեր անկողոպտելի գանձը՝ լեզուն, բայց հայը իր ամուր կամքի շնորհիվ պինդ է պահել վայրագ թշնամուց, կարողացել է իր սրտին սեղմած պահել-պահպանել այն: Զուր չի ասված, որ լեզուն ժողովրդի հիշողությունն է, նրա հոգեբանական հնոցը, վստահելի ռահվիրան ու փարոսը: Տեղին է հիշել մեծն Սևակի խոսքը, որ ժողովուրդները գոյատևում են ո՛չ միայն իրենց հողով, այլև իրենց սեփական լեզվով… Մեր մայրենի լեզուն մեր պապերի, մեր հայրերի քրտինքն է, որ շաղախվել է նրանց արյամբ փրկված սուրբ հողին, մեր մայրերի ծոցում պահված, մաքրամաքուր ու անաղարտ, անուշահամ ու անարատ կենարար կաթն է, որ ռազմի դաշտում, թե ամենուր ուժ է տալիս հայ զորավարի բազկին ու մտքին: Նա է հավերժացած հայոց հավատը, նրա խոյացած վրեժն ու ցասումը, նրանով է թպրտում սիրտս:

Ա՜խ,երբ քեզ փշրել են, դու կառուցվել ես, երբ քեզ ջնջել են՝ սեպագրվել ես, երբ սպանել են, փյունիկի պես նորից հառնել ես:

Իմ անու՛շ, իմ հարազա՛տ լեզու, ես քո մի հնչյունն եմ…Սիրահարված եմ քո տառին, ամեն մի քաղցրահնչյուն բառին, քո խոսուն ու ճկուն մտքին, քո կարող ուժին, անսպառ գանձին…Տարեցտարի հասկանում եմ, որ դու հայի հետ ես միշտ, և երբեմն կամա թե ակամա խորհում եմ, թե որ ազգն ունի այդ հիասքանչ լեզուն, որ լեզվի մեջ կարող է միտքը այնքան ազատ շրջել, հոգին այնքան ազատ թռչել, որքան իմ հարազատ հայոց լեզվի մեջ: Դու օդ ու ջրի, մոր նման բնազդային պահանջմունք ես, որով ապրում ենք հայերս, սակայն երբեմն չենք գիտակցում գոյությունը, քանի դեռ վտանգված չէ: Եվ միայն այն ժամանակ, երբ հասկանում ենք ու գիտակցում քո կորստի սարսափը, սթափվում ենք:

Իմ ոսկեղենիկ լեզուն հզոր է, զորեղ. այն ոչ միայն սովորելով եմ իմացել, այլև շատերից եմ լսել նրա տոկունության մասին: Ես ճանաչել եմ նրան մորս բարբառից, նրա սիրուց ու գորովից, երգած օրորոցայինից, սովորեցրած ոտանավորներից, որոնք հնչում էին իմ թոթովախոս լեզվով և քաղցրահամ իմ բերանում.

   …Թե մորդ անգամ մտքիցդ հանես,

   Քո Մայր լեզուն չմոռանա՛ս...

Հանճարե՜ղ խոսքեր: Ու առհավետ պիտի հիշենք, որ լեզուն մեր հայրենիքն է, և ինչպես հայրենիքը, այնպես էլ լեզուն կարիք ունի խնամքի: Ուստի ամեն օր, ամեն ժամ հնչեցնենք մեր լեզուն՝ մեր թանկարժեք կարողությունը, չմոռանանք և խոսենք մաքուր, անաղարտ հայերենով.

…Որ զրնգա արևի տակ

Հավետ պայծառ հայոց լեզուն:

Աննա Մուսայելյան, թարգմանչական գործ, 3-րդ կուրս