Արցախի պետական համալսարան

IMG 6220Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնը հայտարարել էր «Լավագույն ստեղծագործող» մրցույթը: Մրցույթում Հերմինե Արզումանյանը զբաղեցրել է 1-ին տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը:

Երգեցիկ է հայերենը։ Ամեն հայի շուրթերից այն հնչում է որպես սքանչելի մեղեդի, հնչում է միշտ յուրովի, բայց և կենդանի ու քաղցրալուր։ Այս հոգեթով մեղեդին հազարամյակների խորքից է գալիս։ Նենգ թշնամիները փորձել են խաթարել նրա հերոսական երթը, սակայն ապարդյուն։ Մարտի դաշտում նա հզոր ռազմակոչի է վերածվել և մղել հայ քաջերին դեպի հաղթանակներ։

Լեզուն եղել է հայ ժողովրդի գոյապահպանության հիմքը, և արնախում ոսոխներով շրջապատված մեր ազգը չէր կարող միայն սրով պաշտպանել այդ հարստությունը։ Եվ ահա Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որով լեզուն դարձավ հայերի անկողոպտելի գանձը։ Հայերեն թարգմանվեց Սուրբ գիրքը, և ձուլվեցին ազգային ինքնության երկու հզոր հենարանները՝ դառնալով անպարտելի զենք ընդդեմ ուծացման։

Մեր պոետները հայերենով են հյուսել իրենց չքնաղ երգերը։ Հայոց լեզուն բացվել է նրանց առջև բուրումնավետ ու գեղատեսիլ ծաղկաստանի նման, որտեղ շրջել են պոետները և մուսաների թելադրանքով ընտրել լավագույն ծաղիկները, որոնք ավելի հարազատ էին իրենց հոգիներին։ Գուցե ոմանց թվացել է, թե արդեն ճանաչում են այդ պարտեզի բոլոր ծաղիկները, սակայն ամեն անգամ այնտեղ մտնելիս մի նոր ծաղիկ են բացահայտել իրենց համար, որն ավելի գողտրիկ է, քան բոլոր մյուսները։ Ամեն բառի մեջ ոգի և շունչ ներարկելով՝ պոետները ստեղծել են ծաղկաբույր տաղեր, որոնցում հավերժանում է հայերենը։

Այդ պարտեզի չնաշխարհիկ ծաղիկներն այլ ազգերի ներկայացուցիչներին էլ անտարբեր չի թողել։ Նրանց բույրը գրավել է շատերին, ովքեր ցանկացել են սուզվել այդ բուրաստանի մեջ և զգալ բոլոր ծաղիկները հատիկ առ հատիկ։

Այդ աննման ծաղկաստանը մեկ անգամ մտնողն այլևս երբեք չի ցանկանա դուրս գալ այնտեղից։ Սակայն ինչպե՞ս գտնել այն դուռը, որը կբացի մեր առջև մի բուրումնալի ու երանավետ աշխարհ…

Երբ առաջին անգամ մայր արտասանեցին մեր շուրթերը, հեռվում նշմարվեցին ծաղկաստաններ։ Երբ առաջին անգամ փոքրիկ մատներով թղթի վրա գծագրեցինք Ա տառը սկսեցինք քայլել այն ճանապարհով, որ պետք է հասցներ մեզ մեր երազած վայրը։ Այդ ճանապարհով քայլելիս հասնում ենք մի տեղ, որտեղից ճանապարհը երկու մասի է բաժանվում։ Եթե ընտրենք այն ճանապարհը, որն անցնում է գրքերի անծայրածիր աշխարհով, ապա շուտով կհայտնվենք այն վայրում, որին տենչում ենք ամբողջ հոգով։ Մինչդեռ գրքերից հեռանալու դեպքում մեզ կսպասի մի անշուք պարտեզ, որտեղ կլինեն այնքան ծաղիկներ, որքան պետք են բավարարելու մեր սահմանափակ երևակայությունը։

Հերմինե Արզումանյան, հայոց լեզու և գրականություն, 3-րդ կուրս