Արցախի պետական համալսարան

IMG 7167 IMG 7172

IMG 7208 IMG 7213

Փետրվարի 27-ին կայացած գիտական խորհրդի նիստում հավանության է արժանացել ԱրՊՀ ՊՈԱԿ զարգացման ռազմավարական ծրագիրը, ի գիտություն ընդունվել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի 2019-2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը, 2018 թ. ֆինանսական տարվա հաշվետվությունն ու 2019թ. նախահաշվի նախագիծը, տպագրության երաշխավորվել մի շարք գիտական աշխատանքներ:

Օրակարգային առաջին հարցը, որը վերաբերում էր ԱրՊՀ ՊՈԱԿ զարգացման ռազմավարական ծրագրին, ներկայացրել է ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ նախորդ տարվա մարտ ամսին գիտխորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիրը վերանայվել է և, առաջարկվող փոփոխությունների ծավալով պայմանավորված, որոշվել հաստատել նոր ծրագիր:

«Մոնիթորինգի և դրա արդյունքների քննարկման արդյունքում նպատակահարմար ենք գտել անել այն, ինչ ճիշտ է և ինչ կարող ենք անել: Այսինքն՝ սինգապուրյան օրինակով մենք հանդես ենք գալիս որպես սովորող կազմակերպություն»,- նշել է ռեկտորը:

Նիստին ներկա ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ առաջին անգամ փորձ է արվում կրթության երկարատև պլանավորում իրականացնել, որի հիմքում պետք է դրվեն իրատեսական հնարավորություններ. «Զարգացումը ենթադրում է ճկունություն, հետևապես երկարատև պլանավորումը պետք է ներառի այդպիսի քաղաքականության հնարավորություն: Ասել է թե՝ սկզբունքը՝ իրատեսական, ինչը, սակայն, չպետք է կաշկանդի մեր ցանկություններն ու երազանքները»:

ԱրՊՀ ռազմավարական ծրագիրն արժանացավ գիտխորհրդի հավանությանը, որն առաջիկայում կներկայացվի ԱրՊՀ խորհրդի նիստի հաստատմանը:

Հաջորդիվ գիտխորհուրդը լսեց և ի գիտություն ընդունեց ԱրՊՀ 2018 ֆինանսական տարվա հաշվետվությունն ու 2019 թ. նախահաշվի նախագիծը, 2018-2019 ուսումնական տարվա մագիստրոսական թեզերի /հեռակա ուսուցման/ պաշտպանության արդյունքները, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի 2019-2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը, ԳԽ կից գործող մշտական հանձնաժողովների կազմը:

Նիստին ԱրՊՀ ռեկտորը նաև ամփոփ տեղեկություն է ներկայացրել ԱրՊՀ գիտական տեղեկագրի մասին, որն ընդգրկվել է ՀՀ ԲՈԿ-ի «Ընդունելի հանդեսների պարբերականներ-2018» բաժնի տարեգրքերի շարքում:

Այլ հարցերում քննարկվել և տպագրության է երաշխավորվել մի շարք գիտական աշխատանքներ: