Արցախի պետական համալսարան

IMG 7109 IMG 7092

ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված բաց դաս է կազմակերպել:

«Պատմական իրադարձությունները ցույց են տալիս, որ հայ ժողովրդի բնաջնջման քաղաքականությունը, սկիզբ առնելով 19-րդ դարի 90-ական թթ., կրկնվել է 1915թ., այնուհետև՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում: Ոճրագործությունը հանդիսանում էր թուրքական իշխանությունների գերնպատակը: 1988թ., նախքան Արցախյան ազատագրական պայքարի ծավալումը, ԽՍՀՄ Գերագույն խորհրդում ընդունվում է նոր քաղաքական կուրս՝ բարենորոգումների քաղաքականությունը, որի արդյունքում ծավալվում է ազգային-ազատագրական պայքար, ինչն էլ խեղդելու համար իրականացվում է սումգայիթյան ողբերգությունը»,- ասել է Նունե Սարումյանը:

Անդրադառնալով Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկմանը և միջազգային հանրության ապատեղեկացմանը` ուսանողուհի Էրիկա Աբրահամյանն ընդգծել է. «Այն փաստը, որ Ադրբեջանն իր պատասխանատվությունն ու մեղքը կատարված հանցագործությունները ընդունելու փոխարեն շարունակում է հակահայկական գործունեությունը, վկայում է, որ Բաքուն առ այսօր շարունակում է վտանգ ներկայացնել ոչ միայն իր իսկ բնակչության, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա` նշելով, որ դրա հիմնական պատճառն այն է, որ Բաքվի հրեշավոր գործողությանը առայժմ ո′չ քաղաքական, ո′չ իրավական, ո′չ բարոյական գնահատական չի տրվել, ավելին, այդ ամենը կատարվել է միջազգային հանրության աչքի առաջ:

Նշենք, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ը ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք ուղեկցվում էին հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Երեք օրվա կոտորածների ընթացքում` պաշտոնական տվյալներով,սպանվել է 27 հայ, սակայն մի շարք փաստեր հաստատում են, որ զոհերի թիվը շատ ավելին էր: