Արցախի պետական համալսարան

IMG 7914  IMG 7993

IMG 7941 IMG 7911458

ԱրՊՀ գիտական գրադարանը նախաձեռնել է ժամանակակից գրողների հետ հանդիպումների շարք: Այսօր հանդիպումը բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱրՊՀ դասախոս Սոկրատ Խանյանի հետ էր:

Միջոցառման նախաձեռնող, գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ Սոկրատ Խանյան անունը վաղուց է հայտնի յուրաքանչյուր գրասեր արցախցու:

Միջոցառման ընթացքում ուսանողները ասմունքել են Ս. Խանյանի բանաստեղծություններից, արժևորել նրա գրական գործունեությունը:

«Հայ գրականության երախտավորներից մեկը Սոկրատ Խանյանն է: Նա գրականության բոլոր ժանրերով ստեղծագործել է, ուշագրավ է նաև նրա գրականագիտական գործունեությունը»,- իր խոսքում նշել է գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, դոցենտ Զինաիդա Բալայանը:

Նույն ամբիոնի դասախոս, դոցենտ Սիրուն Բաղդասարյանը նշել է, որ արժանավոր գրողը միշտ սիրով ու հարգանքով է լցնում նրան ճանաչողների սրտերը:

«Նրա աշխատասիրությունը ապշեցնում է մեզ. Ժրաջան մեղվի պես գիշեր-ցերեկ աշխատում է, ինչի վկայությունն են նրա բազմահատոր երկերը, գրականագիտական աշխատությունները»,- ասել է նա` ավելացնելով, որ նրա քնարերգության գլխավոր թեման սերն է և կինը, որտեղ խտացված է նաև փիլիսոփայությունը, կյանքի փորձը, իսկ ստեղծագործությունների երակը հայրենասիրությունն է:

Նկարիչ, քանդակագործ Լավրենտ Ղալայանը, կարևորելով Սոկրատ Խանյանի գրական վաստակը, ասել էՆա արևոտ անձնավորություն է: Նա ծնվել է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ անասելի իրադարձություններ էին կատարվում Արցախում, և, այդքանով հանդերձ, նա իր աշխատասիրությամբ հասավ գրողի համար ցանկալի աստիճանի»:

Սոկրատ Խանյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման ներկաներին և շնորհավորելով գարնան առաջին օրվա առթիվ, ընդգծել է. «Պոեզիան գարուն է, սեր է: Ինձ հատկապես ուրախացրել է, որ իմ պոեզիան հետաքրքրում է երիտասարդներին, որովհետև բոլոր ժամանակներում էլ պոեզիայի թիկունքում երիտասարդներն են կանգնած»: