Արցախի պետական համալսարան

     

 Փետրվարի 28-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին 2011-2012 ուսումնական տարվա

1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների, ֆիզմաթ ֆակուլտետում հարցումները համակարգչի միջոցով կազմակերպելու, ներքին կանոնակարգերի ընդունման, պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման, ԱրՊՀ ստոմատոլոգիական կենտրոնի մասին հարցերը: Նիստը վարում էր ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: 2011-2012 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների մասին զեկուցումներով նախ հանդես եկան համալսարանի ֆակուլտետների դեկանները: Դատելով նրանց տեղեկատվությունից` բոլոր ֆակուլտետների առկա բաժիներում ուսման առաջադիմությունն ավելի բարձր է, քան հեռակա ուսուցման համակարգում: Բակալավրիատի առկա բաժնում և մագիստրատուրայում բացարձակ 100 տոկոս առաջադիմություն է ցուցաբերել միայն հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետը, իսկ հեռակա բաժնում նույն ֆակուլտետի առաջադիմությունը կազմել է 89.9 տոկոս: ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Աբրահամյանը վերոնշյալ հարցի առնչությամբ նշեց. §Այն, ինչ ներկայացվեց դեկանների կողմից` դա մեր բոլորիս կատարած աշխատանքի արդյունքն է: Կարծում եմ այստեղ ավելի շատ պետք է խոսվեր բացթողումների, թերացումների մասին` համեմատելով ներկայիս կատարածը նախկինի հետ¦: Իր խոսքում ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը ուրախալի փաստ համարեց այն, որ ԱրՊՀ բակալավրիատի շրջանավարտներից շատերն այսօր սովորում են արտասահմանյան երկրների առաջատար բուհերում: Սակայն, ըստ նախարարի, կա մի բաց, որը պետք է մտահոգի բոլորին: Դա այն է, որ միայն օտար լեզվի բաժինն ավարտածներն են կարողանում ընդունվել և սովորել վերանշյալ բուհերում: Ֆիզմաթ ֆակուլտետում հարցումները համակարգչի միջոցով կազմակերպելու հարցի մասին հանգամանալից տեղեկատվությամբ հանդես եկավ դեկան Կարեն Արամյանը: Նրա հավաստմամբ ֆակուլտետն արդեն ունի համակարգչի միջոցով ուսանողների գիտելիքների թեստավորման որոշակի փորձ և վերջերս դեկանատում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են հարցման այդ ձևերի անցնելու հնարավորությունները: Խնդրի մասին ներկաների կարծիքը լսելուց հետո գիտխորհրդի նիստը որոշեց 2011-2012  ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ֆիզմաթ ֆակուլտետի բոլոր հարցումները կազմակերպել համակարգչի միջոցով: Գիտխորհրդի նիստը հաստատեց “ԱրՊՀ ամբիոնում գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների և ատենախոսությունների քննարկման” և “ԱրՊՀ  ֆակուլտետի տեսուչի գործունեության“ կանոնակարգերը: Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը մշակել աշխատակիցների իրավունքների և պարտականությունների կանոնակարգ: Օրակարգի երրորդ հարցը պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման մասին էր: Հիրավի, գիտությունն այսօր այնքան արագ է զարգանում, որ ամեն ինչին հասնելը հաճախ դժվար է լինում: ԱրՊՀ պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանի ներկայացմամբ` Երևանի պետական համալսարանը 2011-2012 ուսումնական տարվանից սկսել է մի գործընթաց, որի նպատակը պրոֆեսորադասախոսական կազմի որակավորումը բարձրացնելն է: Մշակվել է որոշակի ծրագիր` հինգ տարվա կտրվածքով, որի իրագործման ընթացքում յուրաքանչյուր դասախոս պետք է կարողանա հավաքել 13 կրեդիտ: Ուսումնական աշխատանքների գծով պռորեկտորը հակիրճ ներկայացրեց ծրագրի խնդիրներն ու ներկայացվող  պահանջները: Հարկ է նշել, որ այստեղ մեծ տեղ է տրվում տեղեկատվական տեխնոլոգիաներին և ինչպես նշեց Ա.Աբրահամյանը թերևս ժամանակն է հրաժարվել կավիճից ու գրատախտակից: Ակտիվ քննարկումներից հետո գիտխորհուրդը որոշեց նոր ուսումնական տարվանից ԱրՊՀ-ում կազմակերպել պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման անհատական ծրագիր` կրեդիտային համակարգով` 5-ամյա ժամկետում: Միաժամանակ ներքին կանոնակարգերի մշակման հանձնաժողովին հանձնարարվեց մինչև ս.թ. հունիսի 20-ը մշակել համապատասխան կանոնակարգեր` վերոնշյալ գործընթացն իրականացնելու համար: Իսկ անգլերեն լեզվի, մանկավարժության և հոգեբանության, կիրառական մաթեմատիկայի ամբիոնների վարիչներին հանձնարարվեց նույն ժամանակամիջոցում համապատասխան ծրագիր մշակել` դասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթական կառուցամասն ապահովելու համար:  Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր ԱրՊՀ ստոմոտոլոգիական կլինիկային: ԱրՊՀ ռեկտորի խոսքերով` այն պատկանում է պետական ոչ առևտրային հիմնարկների շարքին և իրավունք չունի բուժական ծառայություններ մատուցել, որ ստոմոտոլոգիական կլինիկայում բուժական ծառայությունները մատուցվել են անվճար և դրա հետ կապված բոլոր ծախսերի համար վճարումները կատարվել են համալսարանի արտաբյուջետային մասից, որ ստոմատոլոգիական կլինիկաներ ունեցող և բուժական ծառայություւներ մատուցող ուսումնական հիմնարկները պարտավոր են վճարել օրենքով սահմանված հաստատագրված վճար: Ինչպես նաև` ուսումնասիրելով բժշկական բուհերի փորձը, ըստ որի  բակալավրիատի ուսումնական ծրագիրը չի նախատեսում մասնագիտական առարկաների գործնական պարապմունքներին հիվանդների անմիջական մասնակցություն, բուհի ղեկավարությունն առաջարկեց ս.թ. մարտի 1-ից ստոմատոլոգիական կլինիկայում դադարեցնել բուժման նպատակներով  հիվանդների սպասարկումը և այն վերանվանել ուսումնական լաբորատորիա: Իսկ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիայի ամբիոնները կմիավորեն` անվանվելով ընդհանուր բժշկագիտության և ստոմատոլոգիայի ամբիոն: