Արցախի պետական համալսարան

47578659 760405397629275 5084801997798899712 nՃշմարիտ մտավորականի համար ապրելու իմաստը կրթության և գիտության լույսը տարածելու ձգտումն է: Այս առաքելությամբ է ապրում և արարում Արցախ աշխարհի հրաշագեղ դուստրերից մեկը՝ Սիրուն Բաղդասարյանը, ով կյանքի 70-րդ գարունը դիմավորում է կեսդարյա գիտամանկավարժական գործունեության ընթացքում ունեցած առատ հունձքով: ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դասախոսական կազմը ջերմորեն շնորհավորում է Սիրուն Բաղդասարյանին` 70-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում անսպառ եռանդ և հաջողություններ բոլոր բնագավառներում:

Մոտ 40 գիտական հոդվածների և 10 գրքի, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրուն Բաղդասարյանը:

Սիրուն Բաղդասարյանը ծնվել է 1949թ. մարտի 8-ին՝ Շուշիի շրջանի Քարին-տակ գյուղում: Դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, որն ավարտել է1968թ.՝ առաջին կարգի դիպլոմով՝ ստանալով տարրական դասարանների դասվարի մասնագիտություն: 1972թ. ընդունվել է Ստեփանակերտի նորաբաց մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1977թ.՝ ստանալով միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչի մասնագիտություն: Մինչև 1998 թվականը աշխատել է Ստեփանակերտի տարբեր դպրոցներում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

Այնուհետև մանկավարժական գործունեությունը շարունակել է ԱրՊՀ-ին կից վարժարանում` որպես գրականության ուսուցչուհի, իսկ 2001թ-ից արդեն տեղափոխվել է մայր բուհի գրականության և լրագրության ամբիոն, ուր առ այսօր աշխատում է որպես դասախոս:

Բեղուն գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ, նա նաև ծավալել է ակտիվ հասարակական գործունեություն հատկապես Արցախյան շարժման տարիներին:

1991թ. սեպտեմբերի 20-ից 23-ը Ստեփանակերտ այցելեցին Բորիս Ելցինը և Նուրսուլթան Նազարբաևը: Սիրուն Բաղդասարյանը բազմահազարանոց հրապարակում նրանց առջև ելույթ ունեցավ՝նորից շեշտելով մեր ազգային- ազատագրական պայքարի էության և արցախցիների օրինական պահանջների մասին:

1992թ.սեպտեմբերից մինչև 1993թ.   մայիսը ԼՂՀ զոհված և վիրավոր ազատամարտիկների 120 երեխա գործուղվեց Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաք,որտեղ այդ երեխաների ուսման և դաստիարակության գործը կրկին ստանձնեց նա:Հանձնարարված գործը բավականին հաջող կազմակերպելու համար հայ գործարարների Մոսկվայի Ա+ ակումբի կողմից արժանացավ պատվոգրի և հատուկ ,շնորհակալական նամակի՝ուղղված նախարարությանը:

2000թ. մասնակցել է ‹‹Տարվա լավագույն ուսուցիչ›› մրցույթին ՝ որպես ԱրՊՀ վարժարանի գրականության ուսուցչուհի և հաղթել` ճանաչվելով մայրաքաղաքի հայ գրականության լավագույն մասնագետ:

Արգասավոր մանկավարժական ակտիվ հասարակական գործունեությունը հիմք է հանդիսացել, որպեսզի Ստեփանակերտ քաղաքի 20-րդ դարի լավագույն մանկավարժների մրցույթում տասնհինգ հոգուց բաղկացած հեղինակավոր հանձնաժողովը դարի ամենաարժանավորների հետ 2001-ին հաղթող ճանաչի   նաև նրան:

2003թ. ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն՝ ‹‹Մկրտիչ Սարգսյանի վիպագրությունը›› թեմայով և ստացավ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Իսկ 2008թ. օգոստոսի 22-ին Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ նրան  շնորհվեց դոցենտի գիտական կոչում, որը հաստատվեց նաև ‹‹Բարձրագույն որակավորման հանձնաժողովի›› կողմից :

Անբասիր մանկավարժական, կազմակերպչական, ստեղծագործական   և հասարակական ակտիվ գործունեության համար արժանացել է  մոտ երեք տասնյակ պատվոգրերի, գովասանագրերի և շնորհակալագրերի,որոնցից հիշատակենք միայն   մի քանիսը. 2015թ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշ- երեկոյին ակտիվ մասնակցելու համար ԼՂՀ կրթության և գիտության նախարարի կողմից պարգևատրվել է հատուկ դիպլոմով:

Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ   2018թ. փետրվարի 16-ին ԼՂ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Արժանավոր մտավորականը ակտիվ հանրային կյանքին զուգահեռ կարողացել է ստեղծել նաև գեղեցիկ ընտանիք: Ունի երկու զավակ: