ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և «FunnyMen Production»-ի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Հումորի լիգա» նախագծի «Արցախի գավաթ» խաղ-մրցույթը:
Մրցույթին մասնակցել են Արցախի պետական, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի համալսարանների և Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողական թիմերը: Միջոցառմանը հրավիրված էին նաև «Շանթ» հեռուստաընկերության «Հումորի լիգա» նախագծի «Զվերապոլիս», «Հեթ-Տրիկ» և «Գոլֆ երեք» թիմերը: Ժյուրիի որոշմամբ «Արցախի գավաթ» մրցանակը տրվել է Արցախի պետական և Գրիգոր Նարեկացի համալսարաններին:
Միջոցառման վերջում «Հումորի լիգա»-ի տնօրեն Արամ Մելիքյանը, գոհունակություն հայտնելով բոլոր թիմերի հումորային ներկայացումներից, տեղեկացրել է, որ «Արցախի գավաթ» մրցույթի չորս թիմերին էլ իրավունք է տրվում մասնակցելու Հայաստանում կայանալիք «Հումորի լիգա»-ի խաղերին:
Միջոցառմանը ներկա էին նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պատասխանատուներ, թիմերի երկրպագուներ:
Լուսանկարները` www.artsakhpress.am լրատվական գործակալության