Արցախի պետական համալսարան

IMG 9349  54367048 2261639984102711 8382055670907666432 n

IMG 9382  IMG 9462

Մարտի 13-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել տ.գ.դ., պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը` «ՀՀ տնտեսության մարտահրավերները` տնտեսական անվտանգության համատեքստում» թեմայով:

Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Թաթուլ Մանասերյանին` ԱրՊՀ այցելելու և արդիական թեմայով դասախոսությամբ հանդես գալու համար, նաև տեղեկացրել, որ այս բանախոսությամբ կրկին մեկնարկում է ոչ ֆորմալ կրթության ծրագիրը ԱրՊՀ-ում:

Կարևորելով տնտեսագիտության դիվանագիտությունը պետության զարգացման գործում` բանախոսն անդրադարձել է ՀՀ տնտեսության մարտահրավերներին` դրանք դիտարկելով տնտեսական անվտանգության համատեքստում: Տնտեսության զարգացման գործում նա հատկանշում է երկու հիմնասյուն` մրցունակություն և տնտեսական անվտանգություն` բացառելով զարգացման արդյունավետությունը` առանց սպառնալիքները հաշվի առնելու:

«Պետք է փորձել նվազեցնել սպառնալիքները, որպեսզի զարգացումն ավելի իրատեսական լինի»,-նշում է նա և տնտեսական անվտանգության սպառնալիքների համակարգում որպես թիվ մեկ սպառնալիք առանձնացնում ժողովրդագրական սպառնալիքը:

Խոսելով ներքին և արտաքին սպառնալիքների դաշտից` տնտեսական անվտանգության դաշտում առանձնացնում է նաև ինտելեկտուալ անվտանգությունը` կարևորելով կրթության և գիտության ոլորտի արդյունավետ զարգացումը:

«Միջին տվյալներով պետությունը մեկ մասնագետ պատրաստելու համար մանկապարտեզից սկսած մինչև բարձրագույն կրթություն ծախսում է մեկ մլն դոլար: Այն պետությունը, որը զլանում է ծախսեր կատարել սեփական մասնագետ պատրաստելու համար, կրկնակի է ծախսելու այլ պետությունից մասնագետ բերելու համար»,-անդրադառնալով որակյալ մասնագետներ պատրաստելու խնդրին` նշել է բանախոսը:

Տնտեսական անվտանգության կարևոր բաղադրիչներից է նաև արտագաղթի կասեցումը, որին անդրադառնալով` բանախոսը այն դիտարկում է որպես մարտահրավեր և նշում, որ իրողություններին պետք է կարողանալ սթափ նայել և ուղիներ ձեռնարկել այն կասեցնելու համար:

Հիմնավորելով բանախոսության թեմայի արդիականությունը` Թ. Մանասերյանը նշում է.«Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և այն փորձից, որ ձեռք եմ բերել տարբեր այցելությունների ժամանակ` պահանջված է և կարևոր տնտեսական անվտանգության խնդիրներին անդրադառնալը` սպառնալիքների գնահատման, դրանց վնասազերծման ուղղությամբ հետևողական աշխատանքներ տանելու համար»:

Նրա խոսքով` Արցախը և՛ մարդկային ռեսուրսների առումով, և՛ ինտելեկտուալ կարողությունների նյութականացման առումով կարիք ունի տնտեսագիտական դիվանագիտության գործիքակազմի օգտագործման:

«Սա ոչ միայն գիտություն է, այլ նաև արվեստ է, կարևոր նշանակություն ունի, որովհետև այն, ինչ մենք անվանում ենք Արցախի մրցակցային առավելություններ, շատ դեպքում սահմանափակ շրջանակների կարող է հայտնի լինել, մինչդեռ ամբողջ աշխարհին մենք կարող ենք   մատուցել Արցախի տնտեսության բոլոր ճյուղերում ձեռք բերված արդյունքները: Դրա մատուցման լավագույն ձևերից մեկը տնտեսական դիվանագիտությունն է»,-ընդգծել է Թաթուլ Մանասերյանը:

Այցի ընթացքում Թաթուլ Մանասերյանը նաև մասնագիտական գրքեր է նվիրել ԱրՊՀ-ին: