Մարտի 13-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել տ.գ.դ., պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը` «ՀՀ տնտեսության մարտահրավերները` տնտեսական անվտանգության համատեքստում» թեմայով:
Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Թաթուլ Մանասերյանին` ԱրՊՀ այցելելու և արդիական թեմայով դասախոսությամբ հանդես գալու համար, նաև տեղեկացրել, որ այս բանախոսությամբ կրկին մեկնարկում է ոչ ֆորմալ կրթության ծրագիրը ԱրՊՀ-ում:
Կարևորելով տնտեսագիտության դիվանագիտությունը պետության զարգացման գործում` բանախոսն անդրադարձել է ՀՀ տնտեսության մարտահրավերներին` դրանք դիտարկելով տնտեսական անվտանգության համատեքստում: Տնտեսության զարգացման գործում նա հատկանշում է երկու հիմնասյուն` մրցունակություն և տնտեսական անվտանգություն` բացառելով զարգացման արդյունավետությունը` առանց սպառնալիքները հաշվի առնելու:
«Պետք է փորձել նվազեցնել սպառնալիքները, որպեսզի զարգացումն ավելի իրատեսական լինի»,-նշում է նա և տնտեսական անվտանգության սպառնալիքների համակարգում որպես թիվ մեկ սպառնալիք առանձնացնում ժողովրդագրական սպառնալիքը:
Խոսելով ներքին և արտաքին սպառնալիքների դաշտից` տնտեսական անվտանգության դաշտում առանձնացնում է նաև ինտելեկտուալ անվտանգությունը` կարևորելով կրթության և գիտության ոլորտի արդյունավետ զարգացումը:
«Միջին տվյալներով պետությունը մեկ մասնագետ պատրաստելու համար մանկապարտեզից սկսած մինչև բարձրագույն կրթություն ծախսում է մեկ մլն դոլար: Այն պետությունը, որը զլանում է ծախսեր կատարել սեփական մասնագետ պատրաստելու համար, կրկնակի է ծախսելու այլ պետությունից մասնագետ բերելու համար»,-անդրադառնալով որակյալ մասնագետներ պատրաստելու խնդրին` նշել է բանախոսը:
Տնտեսական անվտանգության կարևոր բաղադրիչներից է նաև արտագաղթի կասեցումը, որին անդրադառնալով` բանախոսը այն դիտարկում է որպես մարտահրավեր և նշում, որ իրողություններին պետք է կարողանալ սթափ նայել և ուղիներ ձեռնարկել այն կասեցնելու համար:
Հիմնավորելով բանախոսության թեմայի արդիականությունը` Թ. Մանասերյանը նշում է.«Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և այն փորձից, որ ձեռք եմ բերել տարբեր այցելությունների ժամանակ` պահանջված է և կարևոր տնտեսական անվտանգության խնդիրներին անդրադառնալը` սպառնալիքների գնահատման, դրանց վնասազերծման ուղղությամբ հետևողական աշխատանքներ տանելու համար»:
Նրա խոսքով` Արցախը և՛ մարդկային ռեսուրսների առումով, և՛ ինտելեկտուալ կարողությունների նյութականացման առումով կարիք ունի տնտեսագիտական դիվանագիտության գործիքակազմի օգտագործման:
«Սա ոչ միայն գիտություն է, այլ նաև արվեստ է, կարևոր նշանակություն ունի, որովհետև այն, ինչ մենք անվանում ենք Արցախի մրցակցային առավելություններ, շատ դեպքում սահմանափակ շրջանակների կարող է հայտնի լինել, մինչդեռ ամբողջ աշխարհին մենք կարող ենք մատուցել Արցախի տնտեսության բոլոր ճյուղերում ձեռք բերված արդյունքները: Դրա մատուցման լավագույն ձևերից մեկը տնտեսական դիվանագիտությունն է»,-ընդգծել է Թաթուլ Մանասերյանը:
Այցի ընթացքում Թաթուլ Մանասերյանը նաև մասնագիտական գրքեր է նվիրել ԱրՊՀ-ին: