Արցախի պետական համալսարան

53585267 622017251571483 2835838580515930112 nԼրագրությունն ինձ համար մասնագիտություն չէ, այլ` առաքելություն, իսկ մեր զրուցակից Աննայի համար լրագրությունը կենսակերպ է: Այն մի ուրիշ, հետաքրքիր աշխարհ է, որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Իր այդ աշխարհում Աննան ունի բոլոր գույները, բայց, նրա խոսքով, գերակշռում է վարդագույնը:

Իսկ թե ինչպե ՞ս առաջացավ սերը լրագրության հանդեպ, պատմում է. «Վեցերորդ դասարանում էի, երբ ծնվեց սերս դեպի լրագրություն: Ընտանեկան մրցույթի էինք մասնակցել ու հաղթել, և պետք է մեր ընտանիքից որևէ մեկը հարցազրույց տար: Եվ ես, չգիտես ինչու, ոգևորված մոտեցա, հարցերին պատասխանեցի ու երկու օր իրար հետևից հարցազրույցներ էի տալիս: Հետո Երևանում մասնակցեցինք եզրափակիչ փուլին ու նորից հարցազրույցներ, լրագրողներ, տեսախցիկներ, և ես հետաքրքրվեցի ու իսկապես սիրահարվեցի այդ մասնագիտությանը» :

Ապագա լրագրողի ստեղծագործական առաջին քայլերը դպրոցում են եղել. «Շարադրություններ, բանաստեղծություններ, հեքիաթներ... Դպրոցական տարիներին հիմնականում «Լուսայգ» թերթին էի նյութեր տալիս, հետո նաև շրջանային «Ամարասին»: Այդպես ծնվեց իմ սերն, ու ես ինձ ուրիշ ոլորտում չպատկերացրեցի, ուրիշ ոչ մի մասնագիտությամբ չեմ փորձել հետաքրքրվել»:53700284 414949649078162 2317699292204105728 n

Այո', հետաքրքրվեց, սիրեց և իհարկե ընդունվեց համալսարան: Այժմ Աննան սովորում է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրություն բաժնի երրորդ կուրսում: Աննայից հետաքրքրվեցինք, թե ընդունվելով ԱրՊՀ, որքանով արդարացան նրա սպասումները. «Լրիվ այլ պատկերացումներ, սպասումներ ունեի: Մտածում էի, որ բոլոր դասախոսները պետք է մասնագետներ լինեն, հայտնի լրագրողներ: Բայց առաջին կուրսում, երբ գրականության մասնագետը մեզ մասնագիտական առարկա էր դասավանդում, մի տեսակ հիասթափություն ապրեցի: Բայց իհարկե հաջորդ տարիներին իրավիճակը փոխվեց. նոր մասնագետներ, դասընթացներ, շփումը գործող լրագրողների հետ, որոնք տարիների փորձ ունեն, նրանցից խորհուրդներ ստանալ, օրինակ վերցնել... և սերս մնաց նույնը» :

Դպրոցական տարիներին Աննային հեռուստատեսությունն է գրավել, բայց հիմա կարծում է` որտեղ էլ որ լինի` կաշխատի: «Կարևորը աշխատանք լինի` կհամակերպվեմ: Ես գիտեմ, որ միայն լրագրողի աշխատանքով չես կարող ընտանիք պահել: Այստեղ կարևորը գումարը չէ, այլ աշխատանքը, որը դու սիրով ես անում: Ես պատրաստ եմ մի բան սիրով անել և գումար չստանալ»:

Նախորդ ուսումնական տարում Աննան եղել է բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահը: Այս տարի նա թողել է այդ պաշտոնը. պատճառները պարզաբանում է. «Չէի հասցնում դասերիս հետ, բավականին հետադիմել էի: Ավելի շատ ժամանակ էր պահանջում ինձնից ֆակուլտետի ՈՒԽ նախագահ լինելը, ինչի արդյունքում տուժում էր ուսումնագիտական կողմը: Բայց այդ ժամանակահատվածում ունեցա շատ շփումներ, ծանոթություններ, ոչ միայն մեր համալսարանում, այլև Հայաստանի տարբեր բուհերում»:

Նա համաձայն է այն տեսակետի հետ, որ մարդու կյանքում անմոռանալի են ուսանողական տարիները:

«Ուսանողական տարիները շատ տպավորիչ են, հետաքրքիր, ոչ մի բան այս տարիներին չի փոխարինի: Ուսանողներ կան, որ տնից գալիս են համալսարան, համալսարանից` տուն, բայց ես կողմ չեմ այդ ամենին: Ինքս բնավորությամբ ակտիվ անձնավորություն եմ և կարծում եմ, որ ուսանողները պետք է ակտիվ լինեն: Ուսանողական ակտիվը պետք է համախմբված լինի, անընդհատ հանդիպումներ, միջոցառումներ կազմակերպեն, մասնակցեն: Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ուսանողական օրը հետաքրքիր անցկացնել»:

Եվ, ի վերջո, լրագրող ծնվո՞ւմ են, թե՞ դառնում. «Միանշանակ լրագրող ծնվում են...Ինչքան էլ ձգտի, փորձի կամ սովորի, միևնույն է, եթե ի վերուստ մարդն օժտված չէ լրագրող լինելու առաքելությամբ, չի կարող դառնալ լիարժեք լրագրող, և լրագրողի աշխարհը խորթ ու անծանոթ է մնալու»:

                                                                                        

                                                                                            

                                                                                                   Մարինե Բալասանյան,լրագր. 3-րդ կուրս