Արցախի պետական համալսարան

IMG 0726 IMG 0709

IMG 0713 IMG 0800

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում մարտի 20-ին ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել կ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը:

Կարևորելով կրթական այլընտրանքային հարթակի աշխատանքների վերսկսումը՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է հերթական բանախոսի այցն Արցախի մայր բուհ՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում են բանախոսություններ տարբեր բնագավառի մասնագետների ներգրավմամբ:

Նախքան դասախոսությանն անցնելը` Լ. Եպիսկոպոսյանը հիմնավորել է թեմայի արդիականությունը՝ նշելով, որ պարտադիր է ճանաչել մարդու էվոլյուցիան, այս դեպքում՝ վերականգնել նեանդերթալ մարդու գենոմը:

«Իմ նեանդերթալյան մեծ տատիկը» թեմայով դասախոսության ընթացքում բանախոսի կողմից ներկայացվել են նեանդերթալ և բանական մարդու ֆիզիկական և մտավոր ընդհանրություններն ու տարբերությունները:

«Գենետիկ շփումների և էվոլյուցիոն մրցակցության արդյունքում ի հայտ են եկել արտաքին և ներքին հատկանիշների փոփոխություններ, ինչպիսիք են մաշկի գույնը, խոսելու ունակությունը, ադապտատիվ ռեցեպտորները և այլն, որոնք մենք ժառանգություն ենք ստացել ոչ թե մեր նեանդերթալ պապից, այլև տատից»,- ասել է Լ. Եպիսկոպոսյանը:

Բանախոսը պատասխանել է նաև ուսանողների հարցերին: