Արցախի պետական համալսարան

IMG 0822 IMG 0764

IMG 0732 IMG 0741

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում մարտի 20-ին ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանախոսին ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես գալու համար` կարևորելով նման ձևաչափով հանդիպումների ընթացքում ուսանողներին գիտելիք տալու արդյունավետությունը և նշել, որ ծրագիրը շարունակական բնույթ է ունենալու:

«Մշակույթի զարգացման միտումները» թեմայով դասախոսության ընթացքում Դ. Մուրադյանն ընդգծել է մշակույթի դերը ազգային ինքնության պահպանման գործում` նշելով, որ որքան մեծ է մշակութային էլիպսը, այնքան ընդարձակվում են հայրենիքի սահմանները և տարածվում ֆիզիկական սահմաններից դուրս: Նրա խոսքով` նոր սերունդը, որը ապագան կերտողն է, պետք է ճանաչի իր հայրենիքը, իսկ հայրենիքը միայն նյութական տարածքը չէ, այլ նաև մայրենի լեզուն, մշակույթը: Մշակույթը և միասնական լեզուն կենտրոնախույս ուժերին կարող են աստիճանաբար դարձնել կենտրոնաձիգ: Կարևորելով մշակույթի դերը մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ` բանախոսը հատկանշում է, որ բնության մեջ միակ արարածը մարդն է, որը չի բավարարվում եղած իրականությամբ և ստեղծում է նոր իրականություն` պոեզիա, երաժշտություն, գեղանկարչություն, ասել է թե` հոգու իրականություն, որը մարդուն դարձնում է ավելի լավը, քան նա կա:

«Արցախն այն վայրն է, որն ունի   հսկայական   պատմամշակութային անցյալ և կենսագրություն. այս միջավայրն ունի իր խորհուրդը: Մշակույթը     աննյութեղեն է, և ես միշտ ասել եմ, որ Արցախյան գոյամարտի ժամանակ հաղթողը ոչ   միայն զինվորն ու   աշխատավորն են եղել, այլև   Մատենադարանի շենքը, Գանձասարի վանքը, «Ռանչպարների   կանչ»-ը և այլն: Պայքարի է գնացել   այն սերունդը, որը դաստիարակված էր այդ արժեքներով: Մշակույթը   մարդու և ազգերի ճակատագրական պահերին ամրապնդում է ազգային ինքնագիտակցության   և բարոյական դիմադրողականությունը»,-նշել է Դ. Մուրադյանը` ընդծելով, որ Արցախը ճակատագրով մշակութային աուրայի մեջ է, և Արցախի մշակույթում զարմանալիորեն համադրված են գեղեցիկն ու ազգայինը: Հայկական մշակույթը պատմության կողմից զարկված ժողովրդին դարձրեց պատմության հետ քայլող ժողովուրդ: