Արցախի պետական համալսարան

55770075 2282167622104874 4779605998316814336 nնամակ փոքրիկ Արաքսին, որ ապրում է մինչև այսօր

Ստեփանակերտը թափանցիկ քաղաք է: Մառախուղ: Մշտապես: Արդեն 3 օր է՝ այսպես ասած ամպերի մեջ եմ ապրում: Քեզ ձյան, անձրևի, արևի մեջ հիշում եմ, մառախուղի մեջ չեմ հիշում: Երևի խելքը գլխին նամակներն այսպես չեն սկսվում…ինչ արած, գոնե դու, գոնե ինձ պետք է ներես: Ինչ-որ բան այն չէ, զրուցել է պետք՝ հենց ու միայն քեզ հետ:

 

Հիմա իմ վարձած բնակարանի պատուհանից ո՛չ ինը հարկանիներ են երևում, ո՛չ լեռներ: Քեզ մեկ բարձրահարկի պատուհանից նայելիս եմ հիշում՝ ամռան գիշերներին, մեկ` լեռների մեջ՝ ինը հարկանիներից շատ ավելի բարձր: Դու կարգին տեսողություն ունես, ես կարգին լավատես եմ…Պատուհանից հիմա քիչ եմ նայում: Բացի այդ, Ստեփանակերտում լույսերը կարծես ավելի շուտ են հանգում:

Մարդիկ այստեղ իրենց քաղաքի նման են՝ երիտասարդ: Հենց զգան սուտ չես, կսիրեն քեզ ու չեն մոռանա…Միայն թե կատակը քիչ է: Երբեմն թվում է` շրջապատում ամենից շատ ես եմ կատակում…Դե, պատկերացրու: Առանց կատակ ապրելը մի բան չէ: Տխուր է ստացվում:

Դու ուզում էիր, որ ես շատ ընկերներ ունենամ, որ իմ օրերը հագեցած լինեն աշխատանքով, անվերջ բացահայտումներով, անվերջ սիրով: Ինձ համար հորինում էիր իմ կյանքը: Հիմա ինձ ազատ ես թողել քո գծած ճանապարհին: Կպատկերացնեի՞ր ինձ համար այսպիսի միայնության ժամեր այն ամենի հետ մեկտեղ, ինչն արդեն ունեմ:

Շաբաթը երկու անգամ երթուղային տաքսուն սպասելիս կարդում եմ կանգառի միակ ու հիմար հայտարարությունը՝ գեղեցիկ կազմվածք ունենալու համար պետք է զանգահարել նշված հեռախոսահամարով ու հաճախել դասընթացների: Վերջերս դա էլ չի երևում, չկա: Ճիշտն ասած առանձնապես չեմ տխրել: Կարևորը՝ երթուղայիններ միշտ լինելու են: Ականջակալներիս մեջ Beatles-ը երգում է՝ “Լife is very short and there’s no time”: Ես նշանակված ժամից արդեն ուշացած նստում եմ ավտոբուս՝ «բա, my friend» դեմքով ու երջանիկ:

Մեր friend-ները համացանցում են շատ, իրականում քիչ են, շատ, շատ քիչ: Իսկապես:

Բայց մի՞թե դու չգիտես այս ամենի մասին, չէ՞ որ ինձ հետ ես, երբ աշխատում եմ, երբ կատակում եմ, սպասում եմ կանգառում, մառախուղի մեջ անգամ: Խնդրում եմ ուրեմն երբեք, երբեք, երբեք չլքես ինձ: Դու, որ սիրում և հավատում ես: Դու, որ ներում և չես չարանում: Դու, որ օգնում և ուրախանում ես: Թող զգամ քո ներկայությունը, երբ հաղթեմ և երբ սխալվեմ: Խնդրում եմ, կբռես իմ ձեռքը, եթե մի օր հանկարծ փորձեմ դադարել սիրել կամ կորցնել հավատս: Ես ուզում եմ քեզ նման ազնիվ լինել, երբ մենք նորից հանդիպենք:

Հ.Գ.

(Հեղինակը կարծում է, որ քանի դեռ մեր մեջ ապրում է մանկությունը, մենք շարունակում ենք սիրել, հավատալ, փորձել լինել բարի: Կյանքի վերջում վերադառնում ենք ինքներս մեզ, և երևի լավ կլինի պահպանել այն հատկանիշները, որոնցով ի սկզբանե օժտված ենք բոլորս: Աշխարհի բոլոր փոքրիկներն անմեղ են):

Արաքս Միրզոյան

Լրագրություն 3-րդ կուրս