Արցախի պետական համալսարան

IMG 2416 IMG 2463 

IMG 2518 IMG 2545

Ապրիլի 2-ին ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները հարգել են ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը` ծաղիկներ խոնարհելով ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

2016 թ. ապրիլին ԱրՊՀ տղա ուսանողները, կիսատ թողնելով ուսումը, մեկ մարդու պես կամավորագրվեցին և մեկնեցին առաջնագիծ` պաշտպանելու հայրենիքի սահմանները: Նրանք վերադարձան հերոսացած: Ցավոք, ունեցանք նաև կորուստներ: Այս օրը առիթ է` մեծարելու  հերոսներին և խոնարհվելու հավերժի ճամփորդ դարձածների հիշատակի առջև: Այսօր ԱրՊՀ ուսանողներն այցելել են նաև ապրիլյան զոհերի շիրիմներին, ծաղիկներ խոնարհել` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

IMG 2452«Մենք հավերժ երախտապարտ ենք մեր հերոսներին: Նրանք, ովքեր բոլորից շատ էին ցանկանում ապրել, բոլորից շատ ունեին երազանքներ ու ծրագրեր, առավել շատ ցանկանում էին, որ ապրի հայրենիքը: Նրանց մասին հուշերը, նրանց սխրանքը, ազատ ու խաղաղ հայրենիքի երազանքը ապրում են մեր մեջ, ուրեմն նրանք ապրում են»,-նշել է լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Շողեր Սարգսյանը:

IMG 2555ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Բենիկ Համբարձումյանը քառօրյայի մասնակիցներից է: Հակառակորդի անօդաչու սարք խոցած ուսանողը ԱՀ Նախագահի կողմից 2016 թ. պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Համոզված է, որ եթե հակառակորդը կրկին ոտնձգություն կատարի հայրենիքի հանդեպ, կրկին պատրաստ կլինեն նույն խիզախումին.«Ապրիլը սթափեցնող էր և ցույց տվեց, որ վտանգի պահին ազգը միավորվում, դառնում է բանակ, որին անկարելի է հաղթել: Եթե նորից վտանգվի մեր հայրենիքը, պատրաստ ենք նորից մեկնելու առաջնագիծ և պաշտպանելու մեր երկրի սահմանները»:

IMG 2557Բնագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ էդիտա Առստամյանը նշում է, որ այս օրը առիթ է` ևս մեկ անգամ հիշելու հավերժի ճամփորդ դարձած մեր հերոսներին, արժևորելու նրանց կատարած սխրանքը:

«Ապրիլյան պատերազմի հերոսները իրենց ապրած կյանքով օրինակ են մեզ համար և հրամայում են նրանց սկսած գործը շարունակել: Ապրողներիս պարտքն է պատերազմի նահատակներին հիշել ամեն օր, ոչ միայն ապրիլի 2-ին: Նրանց հիշելն ու մեծարելը ապրողներին է նախ և առաջ պետք»,-ասում է նա` ընդգծելով նման միջոցառումների նշանակության կարևորությունը ուսանողների համար: