Արցախի պետական համալսարան

IMG 2844 IMG 2762

IMG 2763  IMG 2745

Ապրիլի 3-ին ԱրՊՀ է այցելել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը և հանդիպում ունեցել համալսարանականների հետ: Հանդիպմանը նա հանդես է եկել բանախոսությամբ` անդրադառնալով Արցախի անվտանգությանը, ապրիլյան պատերազմին ու նրա դասերին, քաղաքական զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրին, կրթության ոլորտի խնդիրներին և ներկայացրել իր տեսակետները նշյալ հարցերի վերաբերյալ:

Կարևորելով Արցախում գործող կրթական հաստատությունների միջոցով զինված ուժերի համալրման հարցը` նա ընդգծել է ԱրՊՀ-ում ռազմական ամբիոն ունենալու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` բուհում ունենալով ռազմական ամբիոն` ուսանողին միաժամանակ հնարավորություն կընձեռվի ձեռք բերել երկրորդ մասնագիտություն, դրանով իսկ ռազմական գործի որակյալ մասնագետներ պատրաստել նաև զինված ուժերի համար:

Խոսելով կրթության ոլորտի մասին` բանախոսը մատնանշել է որոշակի խնդիրներ, այդ թվում` կրթության որակի բարձրացման հարցը` շեշտելով ոլորտում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով 2016 թ. ապրիլյան պատերազմին` Վ. Բալասանյանը մասնավորապես նշել է, որ հայ ժողովրդի միասնության արդյունքում են ձեռք բերվել պատմության ընթացքում ունեցած բոլոր հաղթանակները և կոչ արել լինել միասնական` ցուցաբերելով զգոնություն և սթափություն բոլոր իրավիճակներում. «Մենք կարողացանք ապրիլին ապացուցել, որ միասնական ենք: Ապրիլյան դեպքերից քաղած դասի արդյունքում այսօր ունենք ամուր առաջնագիծ: Չկա հակառակորդի թեկուզ մեկ քառակուսի մետր տարածք, որը չի դիտարկվում մեր կողմից»:

Կարևորելով ուսանողների և դասախոսական կազմի հետ նման ձևաչափով հանդիպումների նշանակությունը` բանախոսն առաջին հերթին այն համարում է յուրահատուկ երկխոսություն, որի ընթացքում հասարակությունը տեղեկանում է կատարված և կատարվող աշխատանքների ընթացքի մասին, իսկ բանախոսը` հանրության կարծիքին:

«Մենք պետք է լսենք թե՛ ուսանողին, թե՛ խրամատում կանգնած զինվորին, թե՛ հաց արարող գյուղացուն: Մինչև մենք չլսենք, չիմանանք նրանց տեսակետները, մտքերը, մտահոգությունները, չի կարող որևէ հարցի շուրջ համապատասխան որոշում կայացվի»,-նշել է նա` խնդիրների համատեքստում առաջնահերթ համարելով երկրի անվտանգության հարցը, որը, ըստ բանախոսի, ռազմավարական փաթեթ է, որտեղ ներառվում են երկրի պաշտպանությունը, սահմանների անձեռնմխելիությունը, կրթության, առողջապահության ոլորտները, պարենային անվտանգությունը, ռազմական կրթությունը և այլն:

Հանդիպման ընթացքում Վ. Բալասանյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին: