Արցախի պետական համալսարան

IMG 1858

ԱրՊՀ հիմնադրման առաջին իսկ տարիներից մեծ թափ է հաղորդվել հայագիտական ուսումնասիրություններին, որի զարգացումը խթանելու համար ստեղծվել է ԱրՊՀ հայագիտական կենտրոնը:

Կենտրոնի գլխավոր առաքելությունն է նպաստել Արցախում հայագիտության զարգացմանը` առավել մեծ ուշադրություն հատկացնելով Արցախի պատմական անցյալին և ներկային: Հայագիտական կենտրոնի ղեկավար Նարինե Վարդանյանի խոսքով` հայագիտությունը խթանում է անկախ պետականության ամրապնդմանը և նպաստում ազգային ինքնագիտակցության խորացմանը, ազգի հոգևոր, մշակութային վերազարթոնքին, հայեցի դաստիարակությանը և հայրենիքին նվիրված քաղաքացիներ պատրաստելու սուրբ գործին:

ԱրՊՀ հայագիտական կենտրոնը ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն և քննարկում, ուսանողների մասնակցությամբ այցելություններ ԱՀ ՊԲ զորամասեր, ճանաչողական գիտարշավներ, 20-րդ դարի հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչներին նվիրված գիտական ընթերցումներ, գիտաժողովներ:

«Հայագիտական կենտրոնի նպատակն է հայ ժողովրդի պատմության, նրա մասը կազմող Արցախի պատմության, մշակույթի, լեզվաբանության, ազգագրության ուսումնասիրությունը, Արցախի պատմության, զոհված ազատամարտիկների, արցախյան շարժման, բանահյուսության, ազգագրության, բարբառագիտության, Արցախի գյուղերի պատմության վերաբերյալ նյութերի հավաքագրումը, արխիվային նյութերի ձեռքբերում ԱՀ պետական արխիվից»,- ասել է Նարինե Վարդանյանը` նշելով, որ հավաքագրված նյութերը ոչ միայն ուսանողներին են անհրաժեշտ, այլ նաև` Արցախի պատմությամբ հետաքրքրվողներին:

Կենտրոնում գործում է հայագիտական ուղղվածությամբ էլեկտրոնային գրադարան, որը համալրվում է նոր գրականությամբ և պարբերականներով:

Կենտրոնը համագործակցում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոնի և Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի հասարակական կազմակերպության հետ:

«Առաջիկայում նախատեսում ենք նոր և հետաքրքիր ծրագրեր, որոնք կյանքի կկոչենք ուսանողների հետ համատեղ, և կենտրոնը կհամալրվի հայագիտության վերաբերյալ նոր արդյունավետ նյութերով»,-նշել է կենտրոնի պատասխանատուն: