Ապրիլի 9-ին ԱրՊՀ աշխարհագրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտական սեմինարի ընթացքում քննարկվել են էներգակիրների շահագործման ազդեցությունը Արցախի Հանրապետության էկոլոգիական իրավիճակի վրա:
Աշխարհագրության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Անահիտ Գրիգորյանը կարևորել է արդիական խնդիրների ուսումնասիրումն ու ընդգծել, որ աշխարհագրության ամբիոնը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում այդպիսիք:
Ամբիոնի դասախոսներ Վիլեն Սաֆարյանն ու Ռուբինա Թովմասյանը ուսումնասիրել և համալսարանականներին են ներկայացրել քննարկվող նյութի իրավիճակային վերլուծությունը:
«Բնական միջավայրի վրա մարդու հարաճուն ազդեցությունը խախտում է այդ միջավայրի ինքնազարգացման ընթացքը, որը կարող է հանգեցնել միջավայրի քայքայման»,- ասում է Ռ. Թովմասյանը՝ առանձնացնելով ուսումնասիրության տիրույթը՝ անտառաարդյունաբերություն, վառելիքի արդյունաբերություն և հիդրոէներգետիկա:
Արդիական թեմաների շուրջ հրավիրվող սեմինար-քննարկումները ողջունել և այն շարունակական դարձնելու առաջարկով հանդես են եկել ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն ու բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը՝ խորհուրդ տալով ընդգրկել նաև հարակից մասնագիտությունների մասնագետների և պատասխանատուների: