Արցախի պետական համալսարան

IMG 4973 IMG 5000

IMG 5002 IMG 5027

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ապրիլի 12-ին ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել գրող, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:

Նախքան դասախոսության մեկնարկը` ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի համակարգողներին և բանախոսին` հերթական անգամ մայր բուհում լինելու և դասախոսությամբ հանդես գալու համար:

«Արվեստը՝ որպես ազգային երազանք» թեմայով դասախոսության ընթացքում Դ.Մուրադյանն անդրադարձել է հայ մշակույթի պատմությանն ու ազգային մշակույթի նշանավոր գործիչներին, արվեստի դերին պետականության զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Խոսելով Արցախի մասին` նա նշել է, որ յուրաքանչյուր հայ, այցելելով Արցախ, առաջին հերթին հանդիպում է իրականացած ազգային երազանքին` հավելելով, որ այդ երազանքի իրականացմանը նպաստել է նաև արվեստը:

«Արվեստը սովորականի հաղթահարումն է և գեղեցիկի որոնումը, որովհետև հաճախ կյանքն իր ընթացքի մեջ բնավ էլ գեղեցիկ չէ: Գեղեցիկը առեղծվածն է, մինչև վերջ չվերծանվածը»,- այսպես է սահմանում արվեստը Դ. Մուրադյանը:

Իբրև մշակութային հուշարձաններ` բանախոսն առանձնացրել է հայ ժողովրդական հեքիաթներն ու էպոսը, դրանք մեկնաբանել ազգային երազանքի տեսանկյունից: «Հեքիաթ պատմելիս հայ ժողովուրդը բռնել է գեղարվեստականության բանալին. լինում է, չի լինում… երազանքի և երևակայության զուգադրմամբ գեղարվեստական փիլիսոփայական այս խտացմամբ ամբողջանում է մի ողջ ժողովրդի ազգային երազը»,-նշել է նա` հավելելով, որ հայ ժողովրդի երազանքների խտացման բարձրակետը հայոց էպոսն է:

Վերջում բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին: