Արցախի պետական համալսարան

IMG 6112 IMG 6198

IMG 612302 IMG 61808

Ապրիլի 17-ին ԱրՊՀ է այցելել և դասախոսությամբ հանդես եկել տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը: Ողջունելով բանախոսին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրան ԱրՊՀ այցելելու համար և կարևորել ոչ ֆորմալ կրթության ձևաչափը` որպես ուսանողներին գիտելիք տալու այլընտրանքային հարթակ: Դասախոսությանը մասնակցում էին տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ:

Հանդես գալով «Գլոբալ մարտահրավերները և Հայաստանը» թեմայով դասախոսությամբ` բանախոսը մասնավորապես անդրադարձել է քաղաքակրթություններին և դրանց տեսակներին, աշխարհաքաղաքականությանը, աշխարհաքաղաքականացման և տարածաշրջանային կապերին, արտագաղթին և ներգաղթին, ՓՄՁ-ներին, կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, հարկային քաղաքականությանը:

«Մենք պետք է նայենք, տեսնենք, թե ինչպես է կառավարվում աշխարհը, այնպես էլ կառավարվենք: Չնայած տարբեր նկրտումների` իրատեսականն այն է, որ որտեղ բնակչություն կա, այդ բնակեցված տարածքները երբևիցե ոչ մեկին չզիջել: Մեգաէկոնոմիկայի ժամանակ ռեսուրսները այնպես են իրար ուղղվում, որ որտեղ ազատ տարածք լինի, վաղ թե ուշ այն բնակեցվելու է այլ ազգերի ներկայացուցիչներով: Մեր գերխնդիրը Ղարաբաղի ամրապնդվելն է, այս հայկական տարածքները մեր ազգի ներկայացուցիչներով բնակեցնելը»,-ասել է Հ. Բագրատյանը և ընդգծել, որ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար նախ պետք է հստակեցնել, թե մենք ինչ ենք ուզում և դեպի ուր ենք գնում:

«Աշխարհից մի բան ուզելուց առաջ պետք է այդ աշխարհին կարողանաս ինչ-որ բան տալ»,-ասել է նա` մեգաէկոնոմիկայի համատեքստում մատնանշելով առկա խնդիրները և ընդհանրացրել, որ ստեղծված որոշ ինստիտուտներ շատ հեռու են միջազգային չափանիշներից: Խոսելով խնդիրներից` բանախոսն առաջ է քաշել դրանց լուծման կոպմլեքս մոտեցումը և հորդորել անիրական երազանքների դաշտից տեղափոխվել իրականություն` ձգտումները մոտեցնելով իրատեսական հնարավորություններին:

Վերջում բանախոսը պատասխանել է ուսանողների և դասախոսների հարցերին: