Արցախի պետական համալսարան

IMG 6951 IMG 6997

IMG 7070 IMG 6974

Ապրիլի 23-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի կողմից և ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ուսանողական գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Գիտաժողովին ներկա էին գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Արմինե Խաչատրյանը, ողջունելով գիտաժողովի ներկաներին, նշել է, որ նման գիտաժողովները ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու, պատմական հիշողությունը արթուն պահելու նպատակ ունեն, այլև պատմաբանների կողմից հարցը ուսումնասիրության նոր հարթակի վրա դնելու կարևորություն ունեն:

«Այսօր առաջադիմական երևույթ է, որ խոսում ենք ցեղասպանության դատապարտման, պահանջատիրության, ժխտողական քաղաքականության ծավալման մասին»,- ասել է         Նունե Սարումյանը` ընդգծելով, որ միջազգային ասպարեզում քննարկվող ամենակարևոր հարցը ցեղասպանության ճանաչումն է` նաև հորդորելով ուսանողներին հայ ժողովրդին ներկայացնել ոչ թե որպես խեղճ, հոգեցունց վիճակ ունեցող, այլ հանդես գալ որպես պահանջատեր և դատապարտող:

Գիտաժողովին մասնակից պատմություն և իրավագիտություն մասնագիտություններով սովորող ուսանողներն իրենց ելույթներում ներկայացրել են Հայոց ցեղասպանության իրագործման դրդապատճառները, ընթացքը, միջազգային արձագանքները, միջազգային ճանաչման գործընթացը, ինքնապաշտպանական մարտերը, հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթերը:

Ուսանողուհի Մարինե Հովագիմյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ֆրանսիական դիրքորոշմանը և թուրքական հակազդեցությանը, նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները` սկանդալային որակելով Ֆրանսիայի նախագահի նման որոշումը և չակերտների մեջ օգտագործելով ցեղասպանություն բառը:

Գիտաժողովի ավարտին ներկաները քննարկել են ելույթները` կարևորելով նման գիտաժողովների ունեցած դերը Հայոց ցեղասպանության հանգմանքների գիտական լուսաբանման համար: