Արցախի պետական համալսարան

IMG 90221   IMG 89682

IMG 9005   IMG 9025

Մայիսի 3-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել և դասախոսությամբ հանդես են եկել քաղաքագետ, քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և բիզնես-փորձագետ Վահե Ռոբեր Այվազյանը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին` ԱրՊՀ այցելելու և արդիական թեմաներով դասախոսությամբ հանդես գալու համար` կարևորելով ոչ ֆորմալ կրթության նշանակությունը ուսումնագիտական կյանքի արդյունավետության բարձրացման գործում:

Հանդես գալով «Ժուռնալիստիկան և ֆեյքերը» թեմայով դասախոսությամբ` Ռուբեն Մեհրաբյանը նշել է, որ ներկայումս ապրում ենք տեղեկատվական հեղափոխության շրջանում և ՀՀ-ում ու Արցախում ինչ փոփոխություններ տեղի են ունեցել և դեռ ունենալու են, այդ ամենը տեղեկատվական հեղափոխության շնորհիվ է:

«Այսօր յուրաքանչյուր մարդ սոցցանցերի շնորհիվ կարող է լինել տեղեկատվություն արտադրող, տարածող և սպառող»,-ասում է նա և մատնանշում այդ երևույթից բխող նաև խնդիրները, որոնցից առանձնացնում է ֆեյքային տեղեկատվությունը: ֆեյքային տեղեկատվությունը, ըստ բանախոսի, իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն է, որը, սակայն, որոշակի նպատակ է հետապնդում: Որպես օրինակ նա նշում է Ադրբեջանում ծավալվող հակահայկական քարոզչությունը:

«Նմանատիպ ֆեյքային տեղեկատվությունը էֆեկտիվ է լինում մի քանի չափանիշների դեպքում,-ասում է Ռ. Մեհրաբյանը և հավելում,-ազատ խոսքի սահմանափակման դեպքում: Երբ այդ հասարակություններում իշխանությունները կարողանում են վախի մթնոլորտ ստեղծել: Երբ հասարակությունում տիրում են ցածր քաղաքացիական գիտակցությունն ու մեդիագրագիտության ցածր մակարադակը»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` ֆեյքային տեղեկատվության դեմ պայքարի միակ ելքը քաղաքացիական բարձր գիտակցություն և մեդիագրագիտության բարձր մակարդակ ունեցող հասարակություն ունենալն է, որը ձևավորելու առաքելությունը լրագրողներինը պետք է լինի:

«Լրագրողի համար տեղեկատվության չափանիշը պետք է լինի հավաստիությունը: Լրագրողը պետք է ունենա լրագրողական բարձր էթիկա, ձևավորի քաղաքացիական բարձր գիտակցություն և մեդիագրագետ հասարակություն, կարողանա հասարակությանն ու պետությանը օրակարգ թելադրի»,-ընդգծում է փորձագետը:

Հաջորդիվ դասախոսությամբ հանդես է եկել Վահե Ռոբեր Այվազյանը` «15 սխալները վաճառքում» թեմայով: Լսարանին ներկայացնելով այն հիմնական սխալները, որոնք խանգարում են արդյունավետ գործունեություն ծավալել մարքետինգում, բիզնես-փորձագետը օգտակար խորհուրդներ և սխալներից խուսափելու մասնագիտական քայլեր է առաջարկել բիզնեսով հետաքրքրվող ուսանողներին` հորդորելով երբեք չվախենալ խնդիրներից, ավելին` սիրել խնդիրը. «Երբեք մի վախեցեք, սիրեք խնդիրը և կհասնեք հաջողության»: