Արցախի պետական համալսարան

IMG 9346 IMG 9282

IMG 9365 IMG 9271

Մայիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպում ունեցել համալսարանի ղեկավարության հետ: Պատվիրակության կազմում էին նաև ՀԱՀ գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնի տնօրեն Պերճ Գաթրճյանը, ուսանողների գրանցման և կառավարման բաժնի տնօրեն Շաղիկ Արծրունին:

Ողջունելով հյուրերին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց ԱրՊՀ այցելելու համար և ներկայացրել բուհի կառուցվածքը, ներկայումս տարբեր ուղղություններով ընթացող հիմնական աշխատանքները:

ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այցի նպատակներից մեկը համալսարանի վերակառուցման աշխատանքների ընթացքին հետևելն է:

«Դոնոր պարոն Թրփանջյանի խնդրանքով և առաջարկով ենք այստեղ` հետևելու աշխատանքների ընթացքին: Նրա ցանկությունն է նաև, որ համալսարանի վերակառուցումը միայն ֆիզիկական առումով չլինի, այլ նաև բոլոր հնարավոր միջոցները պետք է ներդնենք` նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդոլոգիաներ, կրթական նոր համակարգեր, որոնք միտված կլինեն ապագայում ավելի զարգացած համալսարան ունենալուն, և դրանք կփորձենք համալսարանում համատեղ իրականացնել` շինարարության աշխատանքներին զուգընթաց»,-նշել է Ա. Ղազարյանը և հավելել, որ այս հանդիպմամբ այդ համագործակցության սկիզբն է դրվում:

Խոսելով համալսարանի շենքի շինարարության աշխատանքներից` նա գոհունակություն է հայտնել ընթացքից:

«Շինարարությունը նորմալ ընթացքի մեջ է, այդ մասով բավական բավարարված ենք: Շնորհակալ ենք ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին, որովհետև լուրջ վերահսկողություն է իրականացվում, բավարարված ենք և՛ որակով, և՛ ընթացքով»,-ասել է ՀԱՀ փոխնախագահը:

ՀԱՀ ղեկավարությունը նաև գործնական առաջարկներով է ԱրՊՀ-ում, որի շուրջ նախնական քննարկումներ արդեն եղել են լիազոր մարմինների հետ: Պատասխանատուն այդ առաջարկներն է ներկայացրել նաև համալսարանականներին, որոնք միտված են համալսարանում կրթական ժամանակակից գործիքների կիրառմանը:

«Ժամանակակից գրադարան, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներգրավում, էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդնումը ժամանակակից ուսուցման գործիքներն են, որոնք ապահովում են ավելի արդյունավետ կրթություն: Մենք փորձում ենք ներգրավել նաև բոլոր այն առողջ ուժերին, ովքեր պատրաստ են ժամանակակից կրթական գործիքներ ներդնելով օգնել ԱրՊՀ-ին»,-ասել է Ա. Ղազարյանը:

Համալսարանականներին ՀԱՀ համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրել են նաև մասնագիտական նորարարությունները:

«Կրթության առաջնահերթ գործիքներից մեկը գրադարանն է: Ժամանակակից գրադարանը միայն գիրքը չէ, այլև ուսանողի հետ համագործակցելու յուրահատուկ հարթակ»,-ասել է ՀԱՀ գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը` հավելելով, որ մասնագիտական զարգացումն այս ոլորտում անհրաժեշտություն է, որովհետև ամեն օր էլեկտրոնային նոր գործիք է ստեղծվում, պետք է իրազեկ լինել այդ ամենին, որպեսզի կարողանալ ուսանողին ուղղորդել տեղեկատվությունը գրագետ ստանալուն և օգտագործելուն:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնի տնօրեն Պերճ Գաթրճյանը ներկայացրեց ՀԱՀ-ում ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաների գործառույթները:

ՀԱՀ մասնագետները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու ԱրՊՀ համապատասխան բաժինների հետ` այցելությունը համարելով արդյունավետ և համագործակցության սկիզբ: