Արցախի պետական համալսարան

IMG git   IMG 9121

IMG 9152   IMG git11

Մայիսի 3-ին կայացած ԱրՊՀ գիտական խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել են մի շարք փաստաթղթեր, երաշխավորվել աշխատություններ:

Օրակարգի հաստատումից հետո ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել համալսարանի հավատարմագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքների մասին՝ նշելով, որ օրեր առաջ երևանյան այցելության ընթացքում ունեցած հանդիպումներով հստակեցվել են մի շարք անելիքներ և խնդիրներ:

Ըստ ռեկտորի` այս ընթացքում նախատեսված տաս չափանիշի գծով հասցրել են ձևավորել հանձնաժողովներ, հրատարակել ԱրՊՀ գործունեությունը համակարգող իրավական ակտերի ժողովածու, ԱրՊՀ ռազմավարական ծրագրի և դրա իրականացման ժամանակացույց-պլանը, տպագրության է նախապատրաստվել ԱրՊՀ գործունեության գնահատման չափանիշները, քննարկել ինքնավերլուծության նախնական տարբերակը: Ա. Սարգսյանը հիշեցրել է նաև համալսարանականների վերապատրաստումը ՀՀ մասնագիտական կրթության ՈԱԱԿ-ում՝ հավելելով, որ կենտրոնի մասնագետները հերթական անգամ հրավիրվելու են տեղում աշխատանքներ իրականացնելու:

Պատասխանատուների կողմից գիտխորհրդի հաստատմանն են ներկայացվել ուսումնական պլանների ձևաթերթերն ու դասընթացի նկարագրի ու մասնագրի ձևանմուշները:

«Տևական ժամանակ մեր կողմից ուսումնասիրվել են տարբեր տարածաշրջանի, ռուսաստանյան և արտասահմանյան մի շարք առաջատար բուհերի մասնագիտությունների ուսումնական պլանները, սեփականը ձևավորելու շուրջ քննարկումներ կազմակերպել բուհի ղեկավարության և ուսանողության հետ և արդյունքում ձևավորել առաջարկվող ձևաթերթը»,- ասել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը՝ շեշտելով, որ այն հիմնված է նախորդ տարիների արդյունքների վերլուծության վրա և չափելի ու համադրելի է բուհական ծրագրերին ներկայացվող պահանջների հետ: Նախքան նմուշի հաստատումը` պրոռեկտորը լրացուցիչ պարզաբանումներ է կատարել գիտխորհրդի անդամների նկատառումներին ի պատասխան:

Ինչ վերաբերում է առարկայական նկարագրերի և մասնագրերի ձևանմուշներին, ապա ՈԱԿ պետ Հասմիկ Մինասյանը նկատում է, որ նկարագրերում առաջարկվող փոփոխություններով առավել լիարժեք են նկարագրվում և ձևակերպվում ակնկալվող վերջնարդյունքները:

Ամփոփիչ ատեստավորման քննություններին է անդրադարձել ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Իրինա Խաչատրյանը՝ նշելով, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և բաժինը պատրաստ է հավուր պատշաճի կազմակերպելու և ապահովելու քննությունների ընթացքը:

Գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանի խոսքը վերաբերում էր «ԱրՊՀ գիտական տեղեկագրի» աշխատանքներին. «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» տարեգիրքը ՀՀ ԲՈԿ-ի չափանիշներին համապատասխանող պարբերական դարձնելու ցանկությամբ առաջարկվում է տպագրության երաշխավորել տեղեկագրի երկու՝ հասարակական և բնական գիտությունների պրակները, որոնք նախատեսվում է հրատարակել հունիսին»:

Գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել վերջին հինգ տարվա կտրվածքով վեց բնագավառ և յոթանասուներկու ցուցանիշ ներառող «ԱրՊՀ գործունեության ցուցանիշների ժողովածուն», մեկ ուսումնամեթոդական ձեռնարկ և մեկ մենագրություն, հաստատել ԱրՊՀ մասնագիտությունների վարձավճարների չափը: Միաձայն է ընդունվել նաև բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանին ակադեմիկոս Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 75 ամյակի կապակցությամբ ԱրՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու մասին առաջարկը:

Գիտխորհուրդը քննարկել է նաև էթիկայի հանձնաժողովի ներկայացրած որոշման առաջարկը` կապված ակադեմիական անազնվություն ցուցաբերելու դեպքի հետ: Գիտխորհրդի քվեարկության արդյունքում մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար Արմինե Բաղդասարյանին ակադեմիական անազնվություն ցուցաբերելու համար տրվել է խիստ նկատողություն և դոցենտի տարակարգից զրկում: