Արցախի պետական համալսարան


ForumAJHayUsՕրերս ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել «Հայրենասեր-ուսանող» միջբուհական համաժողովը, որին մասնակցել են հայասատանյան և արցախյան բուհերի 18 ուսանողական ինքնակառավարման կառույցներ: Համաժողովին մասնակցել են նաև ԱրՊՀ ուսանողները: Մասնակիցները այցելել են Արցախի պատմամշակութային հուշարձաններ, հանդիպումներ ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև Արք. Մարտիրոսյանի հետ: Համաժողովի աշխատանքների արդյունքում մասնակից կառույցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«2019թ.-ի մայիսի 3-5-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած «ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈՒՍԱՆՈՂ» խորագիրը կրող միջպետական ուսանողական ֆորումի ընթացքում ծավալված քննարկումների արդյունքներով՝ ֆորումի մասնակից հայաստանյան և արցախյան 18 բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինները որոշեցին հանդես գալ համատեղ հայտարարությամբ։

AJHayus2   AJHayus3
Հայը և հայրենիքը միմյանցից անբաժան են, հայրենիքի պաշտպանությունը՝ յուրաքանչյուր հայի առաքելությունը: Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է հայրենիքը սիրելուց, իսկ սիրել հայրենիքը հնարավոր է միայն այն լավ ճանաչելով:
Ուստի մենք՝ ուսանողական ինքնակառավարվող կառույցների ներկայացուցիչներս, մեզ համարելով հասարակության և գլխավորապես երիտասարդության շարժիչ ուժը, մեզ վրա ենք վերցնում ուսանողության շրջանում հայրենասիրական դաստիարակության տարածման, հայրենասիրական-մարտական ոգու բարձրացման, Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապի ամրապնդման, հայկական 2 պետությունների՝ Հայաստանի և Արցախի հայտնի ու անհայտ կողմերի բացահայտման հայրենանվեր ու պատասխանատու գործը:
Մեր ստորագրությամբ վավերացնելով այս փաստաթուղթը՝ մենք պարտավորվում ենք այսուհետ էլ ավելի մեծ տեղ հատկացնել ուսանողության շրջանում հայրենասիրական միջոցառումների իրականացմանը, այս բնագավառում խորացնել համագործակցությունը Հայաստանի և Արցախի տարբեր բոհերի միջև, ավելացնել փոխադարձ հյուրընկալությամբ իրականացվող ծրագրերի քանակը և շարունակական աշխատանքներ տանել «հայրենասեր ուսանող»-ի կերտման ուղղությամբ»: 
Ուսանողները հայտարարությունը վավերացրին ստորագրություններով։

Լիլիթ Մարգարյան,
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախագահ