Արցախի պետական համալսարան

REKTORՀարգելի՛ հայրենակիցներ.

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրվա եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ:

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: Հաղթանակներ, որոնք ձեռք ենք բերել մեր միասնականության, նպատակասլացության, կամքի ուժի և հայրենասիրության արդյունքում: Արցախի պետական համալսարանը, համազգային նշանակության բոլոր իրադարձություններում եղել է առաջամարտիկների շարքում: Առհավատչյան՝ 1988-ի Արցախյան շարժումը, ազատագրական պատերազմը, 2016թ. ապրիլյան պատերազմը: Մեր պետականության համար բախտորոշ բոլոր իրավիճակներում Արցախի մայր բուհի ուսանողներն իրենց նպաստն են բերել հայրենիքին: Փառք ու պատիվ այսօրվա մեր հաղթանակների համար հավերժի ճամփորդ դարձած նահատակներին: Փառք ու պատիվ նաև մեր կողքին ապրող և արարող այն հերոսներին, որոնց շնորհիվ կերտվեցին հաղթանակներ:

Մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ, որ այսուհետ շարունակվեն մեր երկրում հաղթանակներ արձանագրվել նաև գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մյուս բոլոր բնագավառներում՝ ի նպաստ մեր հայրենիքի հզորացման: Խաղաղություն մեր հայրենիքին և նորանոր նվաճումներ: