Արցախի պետական համալսարան

IMG 2702 IMG 2734

IMG 2767 IMG 2823

Մայիսի 17-ին Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ և ամբիոնի դասախոս Սուսաննա Հայրապետյանի ղեկավարությամբ նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությամբ սովորող ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է  «Ներառական կրթություն: Կրթություն բոլորի համար» թեմայով գիտական սեմինար:

Միջոցառմանը ներկա էին տարբեր դպրոցների լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ, սոցմանկավարժներ, հոգեբաններ:

Սուսաննա Հայրապետյանի խոսքով` միջոցառման նպատակն է ուսուցիչներին և ուսանողներին խորապես ծանոթացնել և հասանելի դարձնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հետ աշխատելու մեթոդները, ձևերը:

Ուսանողները ներկայացրել են ներառական կրթության էությունը և մարտահրավերները` այդ համատեքստում կարևորելով թիմային աշխատանքը:

«Դպրոցը պետք է պատասխանատվություն կրի ստեղծելու այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր աշակերտ կարողանա սովորել և ստեղծագործել»,- ասել է ուսանողուհի Մարտա Հովսեփյանը` նշելով, որ դպրոցի միջավայրը պետք է միտված լինի զարգացնելու յուրաքանչյուր աշակերտի ներուժը և կարողությունները:

Ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը կարևորել է գիտական սեմինարի նշանակությունը ուսանողների գիտակրթական կյանքում` շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին` նշելով, որ  կրթության ոլորտում արդիական նշանակություն ունեցող թեմաների շուրջ նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը շարունակական է լինելու: