ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանին շնորհվել է ԱրՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում

21.05

2019

IMG 3106 

ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ակադեմիկոս Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանին շնորհվել է Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

IMG 3117Այսօր` մայիսի 21-ին, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհավորելով Լավրենտի Հովհաննիսյանին ԱրՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչման արժանանալու և ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, շնորհակալություն է հայտնել նրան` ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և արժևորել նրա գիտական վաստակի նշանակությունը լեզվաբանության բնագավառում:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Հովհաննիսյանը ծնվել է 1944 թվականին Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում: 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1971 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, 1971-1977 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1977-1986 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1986-1991 թվականներին՝ Հայկական համաբարբառի բաժնի վարիչ, 1991-1995 թվականներին՝ խմբի ղեկավար, 1996 թվականից առաջատար գիտաշխատող, 1995-2005 թվականներին՝ ինստիտուտի փոխտնօրեն, 2000-2005 թվականներին թեմայի ղեկավար, 2005-2006 թվականներին՝ ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, 2006-2012 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն:

Անվանի լեզվաբանի աշխատությունները վերաբերում են լեզվի պատմությանը, բարբառագիտությանը և ստուգաբանությանը: Հեղինակել է մի շարք աշխատություններ` «Դասական գրաբարի բայական ժամանակների կիրառությունը», «XVII դարի գրաբարը», «Հայերենի իրանական փոխառությունները», «Բառային տարբերակներ V դարի գրաբարում», «Նյութեր պատմական բառարանագրության», «Հայ-իրանական նոր ստուգաբանություններ», «Գրաբարի բառապաշարը: (V դար)», «Գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննություն», «Հայ թարգմանական գրականութեան բառապաշարը: (Ե դար)» և այլն:

Այս օրերին Լավրենտի Հովհաննիսյանը ԱրՊՀ-ում հանդես կգա դասախոսություններով ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների համար:

 

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ