Արցախի պետական համալսարան

USHAMAG   Hamag1

Hamag2   Hamag4
Մայիսի 22-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ԱրՊՀ ուսանողական համագումար, որի ընթացքում ուսանողական խորհրդի նախագահ Դիանա Խաչատրյանը հանդես է եկել 2018-2019 ուստարում ԱրՊՀ ՈՒԽ կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ: 

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել հաշվետու տարում ուսանողական խորհրդի կողմից կատարված աշխատանքները՝ կարևորելով ՈՒԽ կողմից կազմակերպած ներհամալսարանական և արտահամալսարանական միջոցառումները, տարբեր ուղղվածության կամավորական աշխատանքները, ինտելեկտուալ, մշակութային, գիտական, մարզական և այլ բնագավառներում իրականացրած ծրագրերը:
«ՈւԽ-ն, լինելով ինքնավար կառույց, ոչ միայն իրականացնում է աշխատանքներ, այլև մասնակցում է համալսարանական կարևոր որոշումների ընդունմանը՝ առաջարկություններով հանդես գալով ռեկտորատի և գիտխորհրդի նիստերում, և բոլոր կատարված աշխատանքների հիմքում դրված է ուսանողական կառույցի ինքնավարությունը»,-ասել է ռեկտորը:
Գնահատելով և արժևորելով տարվա ընթացքում տարբեր ոլորտներում հաջողություն արձանագրած ուսանողների աշխատանքը՝ ԱրՊՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել նրանց և պարգևատրել պատվոգրերով ու նվերներով: 
Համագումարին ելույթ է ունեցել նաև ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ով, կարևորելով ՈՒԽ կողմից կատարված աշխատանքը, խոսել է նաև առաջիկա անելիքների, 2019-2020 ուստարվա ծրագրերի մասին. «Այն միջոցառումներն ու ծրագրերը, որոնք ակնկալվում են, պետք է մեր ուսանողների ակտիվ մասնակցությամբ դարձնենք ավելի որակյալ և նպաստենք դրանց պատշաճ կազմակերպմանը»:
Հաշվետու տարում կատարած աշխատանքների մասին հաշվետվություններով հանդես են եկել նաև ուսանողական գիտական ընկերության նախագահը, ֆակուլտետների ՈՒԽ նախագահները, հանձնաժողովների պատասխանատուներ, դասախոսներ: