Արցախի պետական համալսարան

2019-05-10 15.27.19 1111111298

Մայիսի 8-ից 16-ը Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Վիտալի Պետրոսյանն ու Հռիփսիմե Խաչատրյանը մասնակցել են Erasmus+ նախագծի կողմից կազմակերպած TOT Make Europe Hate Free Again դասընթացին, որը տեղի է ունեցել Բուլղարիայի Բանսկո քաղաքում: Դասընթացին մասնակցում էին նաև Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի և Մոլդովայի թիմերը:

«Այդ ութ օրերի ընթացքում հասցրեցինք ձեռք բերել բազում օտարերկրացի  ընկերներ, նորանոր գիտելիքներ, ծանոթացանք վերջիններիս մշակույթին էլ ավելի խորությամբ»,-իր տպավորություններն է կիսել Վ. Պետրոսյանը` գոհունակություն հայտնելով դասընթացի արդյունավետությունից:

Ըստ նրա`  մասնակիցներին խնդիր է առաջադրվել ստեղծել խաղ, քանի որ ծրագիրը հենց խաղեր ստեղծելուն էր ուղղված:

«Ստեղծեցինք մեր սեփական խաղերը,-ասում է Վիտալին,-հիմա մեր խմբով ունենք մեր խաղը: Այն նախատեսված է 5-ից 8 տարեկան երեխաների համար, ուսուցողական խաղ է, մեկ ամիս հետո արդեն կունենանք խաղի վաճառքի համար նախատեսված օրինակները»:

Դասընթացի հիմքում դրված էր համերաշխության և ատելության վերացման գաղափարը: Կազմակերպվել են տարբեր խաղեր, մրցույթներ, դասախոսություններ ատելության խոսքի և խտրականության վերացման վերաբերյալ: