ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ

03.06

2019

60611450 859758577693956 971727249684299776 n 60656601 859758764360604 686579882662035456 n 

Մայիսի 20-ից 25-ը ԱրՊՀ-ում անց են կացվել 2018-2019 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները: 2018-2019 ուս. տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցել է 674 ուսանող, որից 4-ը` նախորդ տարիներից, ընդ որում` բակալավրիատի 527 ուսանող, առկա ուսուցման համակարգում՝ 388, հեռակա ուսուցման համակարգում՝ 139 ուսանող:

Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով քննությունների ընթացքից և ուսանողների պատասխաններից` ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը նշել է, որ այս տարի բավականին փոփոխություններ են ներառել գործընթացում, որոնք միտված են արդյունավետության բարձրացմանը:

«Այս տարի մենք որոշեցինք քննական հանձնաժողովներում ընդգրկել մեր արտաքին շահակիցներին, այսինքն` գործատուներին, որը շատ կարևոր քայլ է: Մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտություններում ձգտել ենք ընդգրկել դպրոցների տնօրեններին կամ ուսուցիչներին` համապատասխան մասնագիտությամբ»,- ասել է Գ. Սահակյանը` այս տարվա նորարարական մեթոդներից շեշտելով նաև հանձնաժողովների նախագահների հաշվետվության նոր կարգը:

Ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքների մասին տեղեկացանք ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Իրինա Խաչատրյանից: Նրա խոսքով` ԱրՊՀ 85 շրջանավարտի կտրվի գերազանցության դիպլոմ, որը կազմում է մոտ 22%-ը: Առկա ուսուցման համակարգում «անբավարար» գնահատական ստացել է 3 հոգի: Մագիստրատուրան ավարտել է 146, իսկ գերազանցության դիպլոմով`42 մագիստրանտ, որը կազմում է մոտ 29%-ը:

Գերազանցության դիպլոմով բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտել է 127 շրջանավարտ, որը կազմում է ընդհանուր շրջանավարտների մոտ 19%-ը:

Ընդհանուր առմամբ «գերազանց» գնահատական ստացել է 271 ուսանող (40%), որից բակալավրիատի առկա ուսուցման համակարգից` 170 (44%), հեռակա ուսուցման համակարգից` 4 (3%) և մագիստրատուրայից` 97 ուսանող (66%): «Լավ» գնահատական ստացել է ընդամենը 175 ուսանող, «բավարար»` 224, «անբավարար»` 3, իսկ քննություններին չներկայացած` երկու ուսանող:

«Ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն անց են կացվել կազմակերպված, առանց արտառոց դեպքերի»,-նշել է ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետը` գոհունակություն հայտնելով արձանագրված արդյունքներից:

Պատասխանատուն տեղեկացրեց նաև, որ հանձնաժողովների նախագահների կողմից նշված են 19 լավագույն ավարտական աշխատանք բակալավրիատից, որը կազմում է մոտ 9% -ը (212 աշխատանքից) և 10 մագիստրոսական թեզ, որը կազմում է մոտ 7%-ը (147 մագ.թեզից):

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման քննությունների քննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Լավրենտի Հովհաննիսյանը ևս գոհունակություն է հայտնել ուսանողների պատասխաններից` նշելով. «Պատասխաններից գոհ եմ, և երևում է դասախոսների աշխատանքի արդյունքը: Վստահ եմ, որ այսօրվա մեր շրջանավարտները հետագայում հաջողության են հասնելու»:

 

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ