Վլադիկ Հակոբյանն այսօր կդառնար 70 տարեկան

18.06

2019

There are no translations available.

01236587Այսօր՝ հունիսի 18-ին, Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի քարտուղար, Արցախյան ազգային-ազատագրական շարժման մասնակից Վլադիկ Աշոտի Հակոբյանի ծննդյան օրն է. նա կդառնար 70 տարեկան: Վլադիկ Հակոբյանը դասախոսել է Արցախի պետական համալսարանում: Նրա գործընկերները սիրով են հիշում Վ. Հակոբյանին ու նրա հետ կապված հուշեր պատմում:

ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը հիշում է, որ ինքն այդ ժամանակ պատմության ամբիոնի վարիչն էր, և գործընկերներն առանձնահատուկ սիրով ու հարգանքով էին վերաբերվում Վ. Հակոբյանին:

«Նա մեծ հայրենասեր էր, մարդկային և մասնագիտական բարձր որակներով օժտված: Նրան սիրում էին թե՛ ուսանողները և թե՛ դասախոսները: Նա մարդ էր, ում հետ առօրյա զրույցն անգամ ուսուցողական նշանակություն ուներ շրջապատի համար»,-ասում է Վ. Ավանեսյանը:

Վլադիկ Աշոտի Հակոբյանը ծնվել է 1949 թվականի հունիսի 18-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում։ 1973թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը: Բուհն ավարտելուց հետո, որպես գիտաշխատող, աշխատել է նույն ինստիտուտում, միաժամանակ կատարել «Գիտելիք» ընկերության նախագահի պարտականությունները։

1982թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և դասախոսել Երեւանի պետական համալսարանում, Երեւանի պետական գյուղատնտեսական, ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտներում։

Արցախյան շարժման սկզբնափուլում` 1988-89թթ., եղել է Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը։

Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարիներին երիտասարդ գիտնականը վերադարձել է հայրենիք` իր ներդրումն ունենալով արցախյան ազատագրական պայքարին: Միաժամանակ 1990-1992թթ. դասավանդել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։

1992 թվականի հունվարի 11-ին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992 թվականի հունվարից մինչեւ 1995 թվականի հունիսը ստանձնել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը։

1995 թվականից դասախոսել է Արցախի պետական համալսարանում, զբաղեցրել պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը։

1998 թվականի սեպտեմբերին ընտրվել է Ստեփանակերտ համայնքի ավագանու անդամ:

1999 թվականի ապրիլի 27-ին զոհվել է ավտովթարի ժամանակ։Մի շարք գրքերի եւ գիտական հոդվածների հեղինակ է:

Հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, «Մխիթար Գոշ» մեդալով: