Արցախի պետական համալսարան

64637759 881254618877685 1839254817491386368 n 64681929 881254245544389 7441089586882674688 n

64603026 881254592211021 8185853507467739136 n 64865066 881254395544374 567494003050676224 n

ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 20-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում մեկնարկել է «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով եռօրյա համաժողով: Համաժողովին մասնակցում էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ, Արցախի բուհերից ներկայացուցիչներ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ՈԱԱԿ 10-ամյակի առթիվ՝ կարևորելով կենտրոնի հետ համագործակցության ընթացքում ունեցած բուհի ձեռքբերումները, որոնք ուղղորդող դեր ունեցան հավատարմագրման գործընթացին ճիշտ նախապատրաստվելու համար:

«ԱրՊՀ-ն հռչակել է իրեն որպես սովորող կազմակերպություն, և սա նշանակում է, որ մենք աշխարհին ոչ թե փորձում ենք համոզել, թե ուզում ենք ինչ-որ բան փոխել կրթական համակարգում, այլ պարզապես հիմնավորել մեր համեստ դերը տարածաշրջանում»,-նշել է ռեկտորը:

ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և շնորհավորելով ՈԱԱԿ-ին՝ 10-ամյակի կապակցությամբ, նախարարության անունից պատվոգրով և նվերով պարգևատրել է ՈԱԱԿ-ին՝ ի դեմս տնօրեն Ռ. Թոփչյանի՝ ԱՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման գործում ունեցած ավանդի և Արցախի հետ շահագրգիռ համագործակցության համար:

Կարևորելով բուհերի հավատարմագրման գործընթացը՝ նախարարը վստահություն է հայտնել, որ ՈԱԱԿ-ի հետ Արցախի բուհերի համագործակցությունը արդյունավետ է լինելու:

ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, խոսելով կրթական համակարգում ընթացող բարեփոխումների մասին, նշել է, որ պետք է բարեփոխումների ճանապարհը միասին անցնել, իսկ միասինը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Խոսելով համաժողովի նպատակներից՝ Ռ. Թոփչյանն առանձնացնում է այն հանգամանքը, որ ցանկացած բուհ իր ներսում պետք է ունենա մի մեխանիզմ, որը կզբաղվի ունեցած արդյունքների շարունակական բարելավմամբ, ինչի վերջնարդյունքներից պետք է լինի գործատուների գոհունակությունը բուհի թողարկած շրջանավարտների մասնագիտական որակներից: Նրա խոսքով՝ այս մեխանիզմն է ներդրվում հիմա Արցախի բուհերում:

«Այն խնդիրները, որոնք առկա են Արցախի բուհերում, նկատելի են գիտական գրեթե բոլոր միջավայրերում: Եվ եթե մի փոքր լուծում եք գտել այդ խնդիրների համար, հավատացեք, որ հաստատ այն կարժանանա հետաքրքրության, և Արցախը կդառնա հետաքրքրության կենտրոն»,-ասել է ՀՀ ՈԱԱԿ-ի պատասխանատուն:

Հունիսի 21-ին և 22-ին շահակիցների հետ տեղի են ունեցել քննարկումներ՝ իրականացվող բարեփոխումների, մարտահրավերների, հաղթահարման ուղիների, հաղորդակցման, որակի մեխանիզմների կառուցման և կիրառման վերաբերյալ: Առանձին քննարկումներ են կազմակերպվել նաև ինքնավերլուծություն իրականացնող խմբերի հետ, կատարվել գործնական աշխատանքներ և փորձնական արտաքին գնահատում, որին դիտորդի դերում ներկա էր նաև ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը: