ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտական ընթերցումներ` «Լրացուցիչ կրթական ծրագրերի անհրաժեշտությունը նախադպրոցական կրթական հաստատություններում» թեմայով:
«Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները` ամբիոնի դասախոս Ռոզալյա Հարությունյանի ղեկավարությամբ, հանդես են եկել թեմայի վերաբերյալ զեկուցումներով: Ներկայացվել ու քննարկվել են լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնք կարող են հիմք ծառայել նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման համար: Միջոցառմանը ներկա էին մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողներն ու ամբիոնի դասախոսները:
Ուսանողները հանդես են եկել մեթոդական առաջարկություններով, ժողովրդական արվեստների, մասնավորապես` նախշազարդերի ուսուցման վերաբերյալ, կարևորել «Հույզերի ծիածան» հեղինակային ծրագիրը` նախատեսված ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համար: Առանձնահատուկ հետաքրքրությամբ ուսանողներն արժևորել են «Արահետ դեպի իմ ես-ը» հեղինակային ծրագիրը:
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Է. Բաղդասարյանը կարևորել է նման միջոցառումները` արժևորելով ստեղծագործական ունակությունների ձևավորումը ազգային արժեքների զարգացման համատեքստում:
Միջոցառման վերջում ամփոփիչ խոսքով հանդես է եկել ֆակուլտետի դեկան Շ.Այդինյանը` կարևորելով բուհ - նախադպրոցական կրթական հաստատություններ կապը: