Արցախի պետական համալսարան

IMG 5999 IMG 6028

IMG 6011 IMG 6053

Այսօր` հունիսի 25-ին, Արցախի պետական համալսարան են այցելել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ու նույն ինստիտուտի գիտաշխատող Գոռ Պետրոսյանը և հանդես եկել դասախոսությամբ:

Ողջունելով հյուրերին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է Կովկասի ինստիտուտի դերը ԱրՊՀ-ում և շնորհակալություն հայտնել նրանց համագործակցության համար:

«Կովկասի ինստիտուտի գործունեությունը բոլորիս քաջ ծանոթ է, և հարկ է շեշտել նրա կարևոր դերը ԱրՊՀ-ում: Մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի արդեն, և յուրաքանչյուր տարի Կովկասի ինստիտուտը ԱրՊՀ-ում հանդես է գալիս նոր ծրագրերով»,-մասնավորապես ասել է ռեկտորը:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Գոռ Պետրոսյանը հանդես է եկել «Ժողովրդավարության ծագումը և վերափոխումները» թեմայով դասախոսությամբ, որին ներկա էին ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ:

Բանախոսը, ներկայացնելով ժողովրդավարության ծագումը, պատմական հիմքերը, ծագման անհրաժեշտությունը, պատմական զարգացման փուլերն ու փոխակերպումները, մանրամասն անդրադարձել է ժողովրդավարության պոլիսային, հանրապետական տեսակներին և ազգային պետության մեջ ժողովրդավարության, նրա ինստիտուտների գործածությանը`շեշտելով այն միտքը, որ յուրաքանչյուր պետություն ինքն է զարգացնում իր ժողովրդավարությունը:

«Ժողովրդավարության թեման այսօր հետաքրքրում է ամբողջ աշխարհի հասարակությանը, հատկապես երիտասարդությանը, ուստի անհրաժեշտ է, որ ուսանողները բազային գիտելիքներ ունենան ժողովրդավարության մասին, որպեսզի նրանք իմանան, թե ինչ սկզբունքներ ունի ժողովրդավարոթյունը, ինչպես է առաջացել և ինչ վերափոխումների է ենթարկվել»,-թեմայի արդիականությունն այսպես է հիմնավորել Գ. Պետրոսյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրենը, խոսելով ժողովրդավարության մասին, կարևորել է հատկապես նրա կոմպետենտ լինելու անհրաժեշտությունը:

Բանախոսները պատասխանել են նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին ժողովրդավարությանը, ներքաղաքական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին: