Արցախի պետական համալսարան

IMG 6796 IMG 6772

IMG 6752 IMG 6788

Հունիսի 28-ին կայացել է ԱրՊՀ գիտական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել և հաստատվել են մի շարք փաստաթղթեր, տպագրության երաշխավորվել ուսումնամեթոդական ձեռնարկ:

Օրակարգի հաստատումից հետո ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն ամփոփ տեղեկություն է ներկայացրել հավատարմագրման գործընթացի մասին, մասնավորապես` հունիսի 20-ից 22-ը ԱրՊՀ-ում «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով կազմակերպված համաժողովի արդյունքները, որի ընթացքում ՀՀ մասնագիտական կրթության ՈԱԱԿ փորձագետների մասնակցությամբ անց է կացվել փորձնական արտաքին գնահատում: Ռեկտորը խոսել է համաժողովի շրջանակում ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբերի մասնակցությամբ կայացած աշխատաժողովների ընթացքում վեր հանված խնդիրներից և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

«Թեպետ առաջին անգամ ենք սկսում հավատարմագրման գործընթացը, բայց բավական առաջընթաց ունենք արձանագրված, ինչը փաստել են նաև փորձագետները: Սա բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է: Կատարվածը քիչ չէ, սակայն առկա խնդիրները խոսում են այն մասին, որ անելիքներ դեռ կան»,-ասել է ռեկտորը` հավելելով, որ առկա թերությունների մեծ մասը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, որոնցից մեկն էլ այն է, որ առաջին անգամ են դիմում հավատարմագրման:

Օրակարգի հաջորդ հարցերով քննարկվել, ապա հաստատվել են բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգերի, մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի նոր ուսումնական պլանները, ԱրՊՀ ՊՈԱԿ բակալավրիատի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը /կրթական ծրագրի ձևաչափը լրացնելու մեթոդական ցուցումներ/:

Գիտխորհուրդը նաև տպագրության է երաշխավորել մեկ ուսումնամեթոդական ձեռնարկ, կողմ քվեարկել ԱրՊՀ դասախոս Ս. Ստեփանյանին դոցենտի կոչում շնորհելու և այն ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացնելու հարցին: