Արցախի պետական համալսարան

IMG 6887   IMG 6935

IMG 69ll7   IMG 6903

Այսօր` հուլիսի 5-ին, ԱրՊՀ-ում տեղի է ունեցել իրավաբանական կլինիկայի դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, կլինիկայի աշխատողներ:

Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կլինիկայում ուսանողների հետ աշխատանք իրականացրած դասախոսներին ու իրավաբաններին: Ռեկտորը կարևորել է ԱրՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեությունը` ուսանողների մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու, տեսականը գործնականում կիրառելու հնարավորության տեսանկյունից:

Իրավաբանական կլինիկայի համահիմնադիրներից ԱՀ նախկին ՄԻՊ, ի.գ.թ. Ռուբեն Մելիքյանը ևս շնորհավորել է ուսանողներին` դասընթացը հաջողությամբ ավարտելու առթիվ և կարևորել կլինիկայի նշանակությունը ուսումնագիտական գործունեության ոլորտում, ապագա իրավաբանների պրակտիկ գիտելիքները կլինիկայի աշխատանքների շնորհիվ ուսանողական տարիներին ամրապնդելու անհրաժեշտությունը:

«Կլինիկական կրթությունը կրթության որակ փոխող նշանակություն ունի: Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է այս ամենը կազմակերպել ԱրՊՀ-ում, որն առաջին հերթին ապահովում է ուսանողների պրակտիկ կրթության նյութը, մյուս կողմից բուհի և հասարակության միջև կապ է ամրապնդում` հանրությանը տրամադրելով անվճար իրավաբանական օգնություն»,-նշել է Ռ. Մելիքյանը` գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքներից:

Իրավաբանական կլինիկայի դասընթացն ավարտած, իրավագիտություն 3-րդ կուրսի ուսանողուհի Նոնա Սաղյանը շնորհակալություն է հայտնել կլինիկայի հիմնադիրներին, ԱրՊՀ ղեկավարությանը և ուսանողների հետ աշխատած իրավաբան-մասնագետներին` դասընթացը կազմակերպելու և դրա շրջանակում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ընձեռելու համար: