Արցախի պետական համալսարան

IMG 9043 IMG 9074

IMG 9102 IMG 9099

 Այսօր` օգոստոսի 28-ին, կայացել է ԱրՊՀ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել են ուսումնագիտական գործընթացին առնչվող մի շարք էական հարցեր:

Խոսելով նոր ուսումնական տարում նախանշված անելիքների մասին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ԱրՊՀ կառուցվածքային փոփոխությունների մասին` նշելով, որ, ելնելով մի շարք օբյեկտիվ պատճառներից, առաջիկայում պետք է գնալ օպտիմալացման ճանապարհով, որն ուղղված է լինելու բուհի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

«Մենք գտնվում ենք հավատարմագրման գործընթացին դիմելու ճանապարհին, և մեր բոլոր որոշումներն ու քայլերը պետք է համապատասխանեն Արցախի պետական համալսարանի գործունեությունը կարգավորող իրավական ակտերին»,-նշել է ռեկտորը:

Գիտխորհուրդը լսել և հաստատել է 2019-2020 ուսումնական տարվա ուսումնական գործունեության օրացույցի հաստատման մասին հարցը, որը ներկայացրել է ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը: Նրա խոսքով` 11 շաբաթյա տևողությամբ ուսումնառության անցնելու հետ կապված պետք է ուսումնական գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի լրացուցիչ պարապմունքների կարիք չառաջանա` տվյալ կիսամյակի ծանրաբեռնվածությամբ սահմանված ժամաքանակն ավարտելով մինչև դեկտեմբերի 27-ը:

Գիտխորհուրդը լսել և հաստատել է նաև օրակարգային հաջորդ հարցը` 2019-2020 ուսումնական տարվա փորձուսուցման ժամանակացույցի հաստատումը, որը նույնպես ներկայացրել է ուսումնական աշխատանքների գծով պատասխանատուն:

Ամբիոնների միավորման և միավորված ամբիոնների վարիչների ընտրության կամ նոր մրցույթ հայտարարելու մասին հարցը ներկայացրել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Հղում անելով 2013 թ. դեկտեմբերի 25-ին հաստատված կարգին, ըստ որի սահմանվում է, թե որ դեպքում է ամբիոնը ստեղծվում, և որ դեպքում է նրա գործունեությունը համարվում օրինական, ռեկտորը հատկանշեց այն փաստը, որ, համաձայն վերոնշյալ կարգի, ուսանողական կայուն համակազմ չունենալը խոչընդոտում է ամբիոն ունենալու իրողությանը: Հաշվի առնելով այս և տվյալ մասնագիտական շիֆրով անհրաժեշտ թվով գիտական աստիճան ունեցող դասախոսների բացակայության հանգամանքը` գիտխորհրդի քվեարկությանն է ներկայացվել որոշ ամբիոնների միավորման հարցը, ինչի արդյունքում գիտխորհուրդը կողմ է քվեարկել քիմիայի և կենսաբանության ամբիոնների միավորման, քաղաքագիտության և փիլիսոփայության ու պատմության ամբիոնների միավորման հարցերին` արդյունքում դրանք վերանվանելով քիմիայի և կենսաբանության ամբիոն, պատմության և քաղաքագիտության ամբիոն:

Գիտխորհուրդը հաստատել է նաև ԱրՊՀ կառուցվածքի մասին հարցը, անց է կացվել պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթը, փակ-գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկվել ռոմանոգերմանական լեզուների ամբիոնի ավագ դասախոս Նարինե Վաչագանի Դուրասանյանին դոցենտի կոչում շնորհելու և այն ՀՀ ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացնելու հարցին: