Արցախի պետական համալսարան

IMG 9152 IMG 9206

IMG 9246 IMG 9215

Այսօր` սեպտեմբերի 3-ին, Արցախի մայր բուհի ուսանողության համար ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Անկախության դաս», որը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Ներկա էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, դասախոսներ:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի առթիվ` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ ավանդույթ է դարձել ԱրՊՀ-ում ամեն տարի նոր ուսումնականը մեկնարկել ԱԺ նախագահի կողմից անցկացվող «Անկախության դաս»-ով: Չխախտելով ավանդույթը` այս անգամ Ա. Ղուլյանը դասը վարել է ԱԺ-ում: Ռեկտորը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ղեկավարին, նախարարներին` Արցախի մայր բուհը և ուսանողությանը մշտապես ուշադրության առանցքում պահելու համար և նրանց նվիրել խորհրդանշական գրքեր:

Ուսանողներին ողջունել և սեպտեմբերյան տոների առթիվ շնորհավորել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը` հորդորելով ուսանողական տարիներն արդյունավետ օգտագործել և դառնալ լիարժեք մասնագետներ: Համառոտ ներկայացնելով ՊԲ-ում իրականացված աշխատանքները, որոնք միտված են բանակի մարտունակության բարձրացմանը, Կ. Աբրահամյանը վստահեցրել է, որ ներկայումս ռազմական վիճակը գնահատվում է հարաբերական կայուն, բայց սպառնալիքներ միշտ կան, որոնց պատրաստ է դիմակայելու պաշտպանության բանակը:

«Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք պահպանել այն ամենը, որի համար իրենց կյանքն են տվել մեր տղաները: Արցախի անկախությունը ողջ հայության հպարտությունն է»,-նշել է նա:

Ողջույնի խոսքում ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը ևս շնորհավորել է ուսանողներին` նշելով, որ մեր երկրի և Արցախի մայր բուհի համար հետաքրքիր մի շրջափուլ է թևակոխել, երբ բարեփոխումների և որակական զարգացման ակտիվ գործընթացներ են ակնկալվում` հատկանշելով բուհի հավատարմագրումն ու հանրապետությունում սպասվելիք գործընթացները:

«Մեր ամենաթանկ նվաճումը մեր անկախությունն է: Դուք պետք է կարողանաք այդ նվաճումը բազմապատկել և ամրապնդել նոր նվաճումներով: Մենք պետք է պայքարենք գիտելիքի համար, ոչ թե գիտելիք սպառելու, այլև ստեղծելու համար»,-նշել է ԿԳՍ նախարարը:

ԱԺ նախագահ Աշետ Ղուլյանը հանդես է եկել ընդարձակ բանախոսությամբ` ներկայացնելով պատմաքաղաքական այն առանցքային իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունում` ստեղծման օրից մինչ օրս: Շնորհավորելով ուսանողությանը սեպտեմբերյան տոների առթիվ` խորհրդարանի ղեկավարը կարևորել է երիտասարդության ներուժը համապետական նշանակության գործընթացներում` հիշեցնելով 1988-ին Արցախյան շարժմանը առաջամարտիկ դարձած ուսանողության ունեցած դերն ու նշանակությունը:

Ընդգծելով միասնականության ու ներքին համերաշխության անհրաժեշտությունը` Ա. Ղուլյանը մասնավորապես նշել է.«Միասնության շնորհիվ է, որ մենք ունեցանք հաղթանակ: Գնահատենք այն գինը, որի շնորհիվ ունեցանք անկախ հանրապետություն: Անկախությունը արժեք է, որը ոչ բոլոր ազգերն ունեն: Արցախյան ազգային- ազատագրական պայքարն այն քննությունն էր, որը մենք պատվով հանձնեցինք և ունեցանք անկախ, ինքնիշխան Արցախի Հանրապետություն»: