Մաշտոցի պատգամների հրամայականով

06.06

2012

 

Արցախի պետական համալսարանը ձևավորված բարի ավանդույթներ շատ ունի:


          002000    001000

   Հունիսի 9-ին Ամարասի վանական համալիրում կազմակերպված միջոցառումը, որը նախադեպը չունեցող երևույթ է ինչպես մայր բուհի շրջանավարտների ու պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ կրթագիտական համակարգի համար, նպատակ ունի լրացնել դրանց շարքը, շրջանավարտների կյանքում հիշարժան օրը դարձնել էլ ավելի իմաստալից ու խորհրդանշական: ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի` առկա ուսուցման բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտածներն իրենց քրտնաջան աշխատանքի առհավատչյան` բուհական վկայականները կամ դիպլոմները ստացան մի սրբավայրում, որտեղ ուղիղ 1600 տարի առաջ դրվեց Արցախի դպրության հիմքը: Այդ նա էր` Մեծն Մաշտոցը, որ շարունակելով կրթաքարոզչական առաքելությունը, մի օր էլ հայտնվեց Արցախում, ժողովրդի ինքնությունը, մայրենին անաղարտ պահելու և փրկելու մտահոգությամբ շրջեց գյուղից գյուղ, եկավ ու Ամարասի վանք հասավ և բացեց առաջին դպրոցը: Յոթ տարի առաջ երախտապարտ ժողովուրդն այստեղ ազգովին նշեց պատմական այդ իրադարձությունը` մեծարելով և արժանին մատուցելով մեծ Ուսուցչապետին: Եվ այսօր դարձյալ Նրա սուրբ պատգամով այստեղ հավաքվածները` ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, փոխնախարար Սլավա Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը, Արցախի մայր բուհի դասախոսներն ու ուսանողները կրկին հայ ազգի սերն ու պատկառանքն արտահայտեցին հայերենի այբուբենի և հայկական դպրոցի հիմնադրի, Ամարասի դպրապետի, երանելի մարդու ու մեծ մտածողի սուրբ հիշատակի նկատմամբ:

Բացման իր խոսքում ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը, ում, ի դեպ, պատկանում են միջոցառման նախաձեռնությունն ու գաղափարը, նշեց, որ այն նաև սերունդներին մեր հոգևոր-մշակութային արժեքներին կապելու, դրանց հանդեպ սերն ամրապնդելու նպատակ է հետապնդում:

ԱրՊՀ շրջանավարտներն իրենց տրամադրված խոսքն արտահայտեցին գրական-գեղարվեստական գեղեցիկ կոմպոզիցիայով` առաջին հերթին երկրպագելով ու մեծարելով այն Մարդուն, ում իմաստության ջահը յուրաքանչյուր քայլափոխի լուսավորում է սերունդների ճանապարհը և պատգամում կյանքում շիտակ ու արդարամիտ լինել, հայրենիքի սերը, հայրենիքի շահը վեր դասել ամեն ինչից: Ապա իրենց երախտագիտությունը հայտնեցին մայր բուհի դասախոսներին, ռեկտորատին` ստացած գիտելիքների և հիշարժան օրվա համար£ Նրանք հանդիսավոր կերպով երդվեցին անաղարտ պահել մայրենին, պատվով կատարել ուսուցչի առաքելությունը, արժանի լինել Մեծն Մաշտոցի գործի շարունակողը լինելու մեծագույն պատվին:

Առաջինը ավագ ընկերներին շնորհավորեց ԱրՊՀ լրագրություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լաուրա Գաբրիելյանը, ով իր խոսքն ավարտեց գեղեցիկ ասմունքով.

Ամարասում եղավ մեր դասն առաջին,

Լույսի դաս էր, հույսի դաս էր, պայքարի:

Մեր դասը հար ձուլվեց արյան մեր կանչին,

Եվ Արցախը հայտնի դարձավ աշխարհին… (Սոկրատ Խանյան):

Եկավ երկար սպասված պահը: Դիպլոմները շրջանավարտներին հանձնեցին և շնորհավորանքի խոսքեր ասացին նախարար Վլադիկ Խաչատրյանը, փոխնախարար Սլավա Ասրյանը, ռեկտոր Ստեփան Դադայանը, պրոռեկտոր Վահրամ Բալայանը, դեկան Հովիկ Մուսայելյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Աթայանը, գիտքարտուղար Արմեն Սարգսյանը: Առաջին դիպլոմը (գերազանցության) ստացողն, ի դեպ, ապագա լրագրող էր` Մանուշ Դանիելյան: Բարեմաղթանքի խոսքում ԼՂՀ ԿԳ նախարարը ողջունեց արարողությունն Ամարասի վանքում կազմակերպելու գաղափարը: ՙԵս` որպես նախարար, առաջին անգամ եմ նման գաղափարով միջոցառման ներկա գտնվում,- ասաց նախարար Վլադիկ Խաչատրյանը: - Հիրավի, այստեղ դպրոց է եղել, բայց ես այն կանվանեի բարձրագույն ուսումնական հաստատություն, որովհետև այստեղ պատրաստում էին ոչ միայն եկեղեցու սպասավորներ, այլև ուսուցիչներ, թարգմանիչներ, գրիչներ և դպրիրներ՚: Համեմատելով 5-րդ դարի դպրոցը համալսարանի հետ` նախարարը նշեց, որ այն ժամանակ դպրոցն ուներ չորս ստորաբաժանում, ինչպես, ասենք, համալսարանն ունի ֆակուլտետներ: Ամարասում բացված առաջին դպրոցը իմաստության այն բերքառատ ծառն էր, որը հետագայում շյուղեր տվեց նաև արցախյան մյուս բնակավայրերում: Այսօր Լեռնային Ղարաբաղում չկա մի գյուղ, որտեղ դպրոց չլինի բացված: Դպրոցաշինությունը հանրապետության ռազմավարական կարևոր ուղղություններից մեկն է, և պետությունը տարեցտարի ընդլայնում է ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, կառուցվում են նոր դպրոցներ, հարստացվում է կրթօջախների նյութատեխնիկական բազան, ավելացվում է ուսուցիչների աշխատավարձը: Իսկ գնահատել ուսուցչին` նշանակում է վերաարժևորել Մեծն Մաշտոցի պատգամը, նրա մնայուն ավանդը, ասաց Վլադիկ Խաչատրյանը:

ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը նման միջոցառումների շարունակական լինելը իրատեսական համարեց: Իսկ որ այն առաջինը բանասերներն են նախաձեռնել` դա էլ պատահական չէ: Բազմաթիվ գեղեցիկ նախաձեռնություններ հենց այս ֆակուլտետում են ծնվել:ՙԴուք այն երջանիկ սերունդն եք, որին բախտ է վիճակվել իր ավարտական վկայականն ստանալ այստեղ` Ամարասի եկեղեցական համալիրում, ուր ստեղծվում էին թանկարժեք ձեռագրեր, մասունքներ: Այս օրը ձեզ կտանի ձեր նախընտրած ճանապարհով, կուղեկցի ձեզ ամբողջ կյանքում: Եվ որտեղ էլ լինեք` հավատարիմ մնացեք ձեր ծագումին, լեզվին, ավանդույթներին, անվանն ու ժողովրդին՚,- ասաց Ստեփան Դադայանը:

Շրջանավարտներն իրենց կյանքում թերևս չեն մոռանա դեկան Հովիկ Մուսայելյանի հուզմունքով լի խոսքը, որը բաժանման և հրաժեշտի աղերսներ ուներ: Հուրախություն բուհի ղեկավարության և մագիստրատուրա բաժնի ուսանողների` Հ. Մուսայելյանը նաև հաճելի նորություն հայտնեց. շնորհիվ ձեռնարկած քայլերի` գալիք ուսումնական տարում ԱրՊՀ-ում կբացվի մասնագիտական խորհուրդ` ՙՆորագույն շրջանի հայ գրականություն՚ մասնագիտությամբ, որտեղ մագիստրոսները կարող են պաշտպանել իրենց թեկնածուական ատենախոսությունները: Ըստ մասնագիտությունների` առանձին-առանձին շնորհավորելով նրանց` դեկանը մաղթեց մասնաիտական հաջողություններ, մեսրոպյան հանճարի լույսով օծուն իմաստություն ու հայոց գրերի մշտական ներկայությունը վայելելու երջանկություն:

Բարեմաղթանքի ու շնորհավորանքի խոսքերը շարունակվեցին Ամարասի հովտում` տոնական սեղանի շուրջ: Այդ օրը մինչ ուշ երեկո ցնծում էր Ամարասը, Մաշտոցի պատգամներն էին թևածում ամենուր, որոնց հրամայականով պիտի առաջնորդվեն ներկա և գալիք սերունդները: