Հոկտեմբերի 3-ին կայացած գիտխորհրդի նիստում քննարկվել և հաստատվել են գիտխորհրդի կազմում փոփոխություն կատարելու, ԱրՊՀ հավատարմագրման դիմելու գործընթացի մասին և մի շարք այլ հարցեր, ի գիտություն ընդունվել հաշվետվություններ, տպագրության երաշխավորվել ուսումնամեթոդական ձեռնարկ:
Ի պաշտոնե կատարված փոփոխությունների արդյունքում գիտական խորհրդի կազմում ընդգրկվել են «Գիտության, ասպիրանտուրայի և միջազգային համագործակցության» ստորաբաժանման պետ Նանա Առուստամյանը և ՈՒԽ նախագահի պաշտոնակատար Լիլիթ Մարգարյանը:
Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր 2019-2020թթ. ուսումնական տարվա գընթացին, որը ներկայացրել են ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը և ֆակուլտետների դեկանները:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել հավատարմագրման գործընթացի մասին՝ նշելով, որ Որակի ապահովման ձեռնարկը արդեն պատրաստ է, իսկ մի շարք աշխատանքներ անհրաժեշտ է թարգմանել:
ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից գործում է «Հոգեբանական ակումբ», որի հիմնական նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կայացմանը, խթանել պրակտիկ կարողությունների ձևավորմանը, աջակցել գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը: Նրա խոսքով` նմանատիպ ծրագրերը կարևոր են նաև հավատարմագրման ընթացքին պատշաճ նախապատրաստվելու տեսանկյունից:
Օրակարգի հաջորդ հարցում գիտխորհրդին կից գործող մշտական հանձնաժողովների նախագահները ներկայացրել են 2018-2019թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի կատարած աշխատանքների հաշվետվությունները և հաստատվել են 2019-2020թթ. աշխատանքային պլանները:
Հաջորդիվ քննարկվել են նաև նոյեմբերի 3-ից 5-ը ԱրՊՀ-ում կայանալիք միջազգային ուսանողական գիտաժողովի և ֆորումի նախապատրաստական աշխատանքները:
ԱրՊՀ ռեկտորը գիտխորհրդին է ներկայացրել օրակարգի մյուս հարցը` «Արցախի ժողովրդագիտությունը» գիտական մատենաշար հիմնադրելու մասին:
Խոսելով մատենաշարի մասին` ռեկտորը տեղեկացրել է, որ նախագծով նախատեսվում է հավաքագրել, խմբագրել, սրբագրել, ծանոթագրել և հատորներով հրատարակել Արցախի ժողովրդագիտության վերաբերյալ 19-րդ դարի կեսերից առ այսօր առանձին գրքերով ու տասնյակ հանդեսներում լույս տեսած, ինչպես նաև ԱՀ և ՀՀ, արտերկրի տարբեր թանգարաններում և արխիվներում, նաև առանձին անհատների ու նրանց ժառանգների արխիվներում ձեռագիր վիճակում պահվող աշխատությունները, ժողովածուները, հոդվածները:
Գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել մեկ ուսումնամեթոդական ձեռնարկ, կողմ քվեարկել մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար Արմենուհի Աբալյանին դոցենտի կոչում շնորհելու և այն ՀՀ ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացնելու հարցին: