Ուսուցչի տոնին ընդառաջ բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 4-ին ԱրՊՀ աշխարհագրության ամբիոնի մի խումբ ուսանողներ և դասախոսներ, ա.գ.թ. Վիլեն Սաֆարյանի գլխավորությամբ, այցելեցին Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերի դպրոցներ:
Համալսարանականները ծանոթացան դպրոցների խնդիրներին: Աշխարհագրության ամբիոնի դասախոս Ռ. Թովմասյանի խոսքով` մտահոգիչը մասնագետների պակասն է և որոշակի գույքային խնդիրները: Վ. Սաֆարյանը, շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ, պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցույց տալ:
«Մենք քարտեզներ նվիրեցինք դպրոցին՝ ակնկալելով, որ դրանք կօգնեն աշխարհագրության դասավանդումն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Մեզ համար հաճելի էր այն փաստը, որ, ի հեճուկս գյուղում առկա բազմաթիվ խնդիրների, աշակերտներն իրենց ապագան տեսնում են միայն հայրենիքում»,- նշում է աշխարհագրություն 3-րդ կուրսի ուսանողուհի Իվետտա Հովսեփյանը: