Արցախի պետական համալսարան

4u1 IMG 20809

3ug  IMG 2072

Այսօր գրադարանավարի մասնագիտական օրն է: Օրվա առթիվ զրուցել ենք Արցախի պետական համալսարանի գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանի հետ` փորձելով պարզել, թե որքանով է գրադարանը արդիականացված, ինչ խնդիրներ կան, ինչպիսին է ընթերցողների ակտիվության աստիճանը և հարակից այլ հարցեր:

«Թեև այսօր զարգանում է էլեկտրոնային գիրք ընթերցելու մշակույթը, այնուհանդերձ տպագիր գիրքը երբեք չի կորցնի իր արժեքն ու գրավչությունը: ԱրՊՀ ուսանողները ևս հիմնականում նախընտրում են գիրք ընթերցել տպագիր տարբերակով»,- ասել է գրադարանի վարիչը՝ հավելելով, որ ընթերցողների թիվը հասնում է մոտ 2000-ի, որը տարեցտարի աճում է: Միայն սեպտեմբեր ամսին գրանցվել են 200-ից ավելի նոր ընթերցողներ:

Վարիչի խոսքով՝ տարբեր երկրների բուհերի հետ համագործակցելով` աշխատում են գրադարանն ապահովել արտասահմանյան գրականությամբ։ «Սա մեր առաջնային խնդիրն է: Գրադարանը հատկապես ժամանակակից և մասնագիտացված գրականության կարիք ունի»- ասել է նա՝ ընդգծելով, որ այս տարի համալրվել է սփյուռքահայ գրականությամբ:

«Ուսանողները ավելի շատ նախընտրում են ընթերցել ժամանակակից գրականություն: Հայ գրականություն ևս նախընտրում են, հատկապես վերջերս լայն պահանջարկ ունեն Վարդգես Պետրոսյանի գրքերը: Մասնագիտացված գրականություն ավելի քիչ են նախընտրում, ինչը հավանաբար պայմանավորված է ոչ բավարար քանակի առկայության պատճառով»,- ասել է Հասմիկ Հարությունյանը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել երիտասարդ տարիքն ու դեռևս առկա ազատ ժամանակը ուղղել ընթերցանությանը:

Մեր զրուցակիցը նշել է, որ գրադարանում պարբերաբար կազմակերպում են բազմաթիվ հանդիպումներ, միջոցառումներ, որոնց ուսանողները ակտիվ մասնակցում են, քննարկում տարբեր հեղինակների գրքեր, ինչը ցույց է տալիս, որ գրքի, գրականության հանդեպ կա այսօր ուշադրություն և պետք է կարողանալ լավ գիրքը մատուցել, լավ գրողներին ներկայացնել:

Նա շնորհավորել է գրադարանավարների օրը՝ մաղթելով բարյացակամություն և հաջողություններ պատասխանատու գործում: