Արցախի պետական համալսարան

IMG 2770   IMG 2761

IMG 2740   IMG 2766

Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Տագնապ» խորագրով միջոցառում, որին ներկա էին ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողները ելույթներ են ունեցել՝ խոսելով օրվա նպատակից, սթրեսներից, տագնապներից, հոգեկան առողջությանը վնասող սովորություններից:

«Սթրեսը դարձել է ժամանակակից մարդու կյանքի բաղկացուցիչ մասը: Մարդիկ պայքարում են դրա դեմ՝ չմտածելով, որ անհրաժեշտ է ոչ թե պայքարել, այլ պարզապես խուսափել դրանից»,- ասել է ուսանողուհի Էլեն Իլյազյանը՝ հավելելով, որ մարդը սթրեսների, դեպրեսիայի, տագնապի և այլ հոգեբանական խնդիրների պատճառով կորցնում է հիշողությունը, թուլանում է նրա իմունային համակարգը և հաճախ է հիվանդանում :

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը, անդրադառնալով վախերին ու տագնապներին, նշել է, որ տագնապի սնման աղբյուրները ինքնաիրացման և ինքնահաստատման խնդիրներն են: «Տագնապի ախտանիշներ են անիմաստ և երկար ժամանակահատվածով հոգնածությունը, անքնությունը, մշտական վախերը, որոնք օբյեկտ չունեն, կենտրոնանալու անընդունակությունը, թուլանալու ընդունակություն չունենալը, վերջույթների դողը, գրգռվածությունը, գլխապտույտը, մշտական սրտխառնոցը, բարձր քրտնարտադրությունը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ժամանակակից հասարակությունը հոգեբանական անվտանգության երաշխիք չի տալիս:

Դասախոսը օրինակներ է բերել ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի այցելուների օրինակով՝ ընդգծելով, որ կենտրոն հաճախող այցելուների 80 տոկոսը ունեն տագնապ:

Ուսանողուհի Սյուզաննա Մանասյանը ընդգծել է, որ ժամանակակից կյանքը ամբողջովին չի ապահովում մարդկանց կյանքը լիարժեք դարձնող թարմ օդը, արևի լույսը, բնական սնունդը, ֆիզիկական վարժանքներն ու սոցիալական կապերը, ինչն էլ հանգեցնում է հոգեկան առողջության ճգնաժամի:

Ելույթ ունեցողները պատասխանել են ներկաների հարցերին և անցկացրել տագնապի ու դեպրեսիայի վերաբերյալ թեստ: