Արցախի պետական համալսարան

MyCollages LuizaՓետրվարյան այդ օրը զոհվածների հիշատակին հուշարձանին ծաղիկներ խոնարհեցի: Շուրջս լռություն էր, միապաղաղ հանգիստ, խաղաղ էր երկինքը, բայց և թախծոտ էին անցած օրերի հիշողություններս, որ երերող մտքերս ինձ առաջ մղեցին, ու ես Հայկուհի տատի թոնրատուն մտա. Արցախյան շարժման ականատես էի փնտրում: Հայկարամ պապը, ոտքից կաղալով, մեկիկ-մեկիկ քայլերով մոտեցավ թոնրին, ցախ գցեց, և կրակը բոցավառվեց: Նա աչքը հառեց կրակին, և բոցկլտաց սիրտը կիզված: Հայկուհի տատը ազգային երգի թախծալից մի քանի տողեր մրմնջաց և իր ձեռքում լավաշը պտտեցրեց: Նա թոնրի պատին կպցրեց, հետո կամաց լավաշները թոնրից հանեց, իրար վրա դարսեց:

Ձեռքերս ալյուրով շաղախված՝ Հայկարամ պապին էի լսում, երբ հարազատ «1988 թվականն էր, փետրվար... Մի փոքրիկ երկիր առյուծի պես սկսեց դիմակայել, որ իր ինքնության ճանաչումն հաստատի և անկախ հռչակվի, Մայր Հայաստանին վերամիավորվի: Բազմաթիվ մտավորականներ ձեռք մեկնեցին արցախահայությանը և միահամուռ նպաստեցին արցախյան հարցի բարձրացմանը... Գրողների միությունը կորիզ ստեղծեց, և ստորագրահավաքներ սկսվեցին... Ցույցեր կազմակերպվեցին, արցախցին «մի~-ա~-ցու~մ» վանկարկեց, երկնուղեշ դիրքով բռունցք բարձրացրեց և Արցախի անկախությունը պահանջեց: Սկիզբ առան գործադուլներն ու ցույցերը, որոնց զուգահեռ՝ սկսվեցին նաև զանգվածային ձերբակալությունները: Նոր նստաշրջան, որտեղ կայացվում էր Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու հաստատուն որոշումը: Ադրբեջանը հրաժարվեց նպաստել արցախահայության դարավոր ցանկությանը, ու սկսվեցին Սումգայիթի, Բաքվի կոտորածները, որ ընդգրկեցին այլ հայաշատ ադրբեջանական տարածքներ: Ազգային-ազատագրական շարժումն սկսվեց, նաև հոգևոր կյանքը վերազարթոնք ապրեց: Եվ, ի վերջո, 92-ի սեպտեմբերին Արցախը խորթ մորից բաժանվեց և անկախ հանրապետություն հռչակվեց»:

Պապը հոգոց հանեց, աչքի կիզակետից անցյալը հեռացավ, և նա նկատեց, որ կրակը մարել է: Ժամանակն էր թոնրատնից լավաշները տուն տանելու: Ես օգնում էի նրանց, և սանդուղքով բարձրանալիս Հայկարամ պապի վերջին բառերն էին մտքիս թելը պարուրել. «Արցախյան շարժումն սկսվեց խորթ մորից հեռանալու և հարազատ մորը միանալու համար, այն հասցրեց Արցախյան գոյամարտի, որտեղ համայն հայությունը ոտքի կանգնեց, նույնիսկ պատանի, թե հասակն առած հայորդիները պայքարի վճռականությամբ քանդեցին վրեժի կծիկը և ազատագրեցին հայրենի հողը»: Ներս մտանք: Հայկարամ պապը նստեց թախտին, իսկ դիմացը հացի սեղանն էր...Ժամանակ անց լռությունը խախտվեց իր դստեր` Հասմիկի մատների շարժմամբ: Նրա մատները կորցրին իրենց տիրապետումը, երբ դաշնամուրի ստեղներին ուժգնությամբ հարվածեց: Նա ելևէջներ հյուսեց, որոնք անցած պատերազմական օրերի արտացոլանքն էին: Ցավը կիզում էր ներսից, բառերով չէր կարողանում խոսել, երբ անվասայլակին էր գամվել հրետակոծությունից հետո: Սրտի խորքից բխող վերջին զարկի հետ արցունքները հոսեցին, Հայկուհի տատը մոտեցավ, սրբեց դստեր արցունքները:Հայկարամ պապի սիրտը ցավից կծկվեց, այլևս չէր ուզում խոսել: Վեր կացավ, իջավ նկուղ, որ մենակ մնա և ցավը սրտում սեղմի: Ես ծածուկ քայլերով մոտեցա դռանը և անցքից նայեցի: Փոքրիկ արվեստանոց էր: Հայկարամ պապի ձեռքերը կամաց սահում էին զոհված որդու անավարտ   քանդակով: Նորից տեսիլքի նման անցյալն է երևում ինձ... Մանկուց լսել էի, որ մայրս իմ տարիքին էր, երբ բնօրրանը թողել, հեռուներն էր գնացել: Այդժամ Արցախյան շարժումն էր, հետո՝ պատերազմ...      Բազմերազ վիրավոր պատանիներ, նրանց ծաղկող մտքերի անկում... Հոռետեսության երանգն անհետացել, լավատեսության երանգապնակն էր ամրացել, երբ հայ քաջորդիներն էին ձեռք մեկնել զենքին, գունդ կազմել, որ գոյամարտում Արցախն ազատագրեն: Հակառակորդը կանգնել էր զարտուղու առջև, երբ հայն էր անցել տունդարձի: Հաղթանակի ավետաբերով ու տարիներով ամրագրված մեծ ցնծություն էր իմ երկրում, բայց ապրիլյան այն օրը, որին սպասում էինք ծաղկի բույրով, աղավնու ճախրանքով, բացվեց թշնամու հարձակմամբ, հրետանու գործադրմամբ: Արցախի սահմանին կանգնած զինվորը վախը կորցրեց, միտքն անժամանակ պաղեց, սրտով առաջ նետվեց և իր արյան գնով ոսոխի ստեպ քայլերն արիաբար հետ մղեց: Քառօրյա պատերազմը մոր սրտի զարկի հունը փոխեց, վերստին երկյուղով լցրեց, բայց հայ զինվորն արիաբար իր զորությունը դարձյալ գործադրեց, որ մոր սրտին հանգստություն, Արցախին խաղաղություն բերի:  Ես այդ օրերին դողացող ձեռքով իմ ապրած կյանքի անձայնելի պահը գրչի հարվածով հանձնեցի թղթի մի փոքրիկ կտորի: Փոքր էր այն, բայց խոսքերս այնքան մեծ էին, որ ցրտից ճաքած շրթունքներս մրմնջացին, սարսափի ուժով խոսեցին բառերով, որոնք խաղաղությամբ ննջում էին մինչ այդ խավարչտին գիշերը. «Այս ապրիլյան օրը ես թևեր եմ փնտրում, որ ճախրեմ, բայց մայր հողից այն կողմ չանցնեմ: Ես զենք եմ փնտրում, որ սահմանին հասնեմ, հույս եմ փնտրում, որ կարողանամ ահասարսուռ մտքերից ձերբազատվեմ: Եվ առ Աստված աղոթք եմ հնչեցնում, որ երկինքը ջինջը լինի, Արցախիս սահմանը՝ պաշտպանված»:   Ապրիլյան օրեր եմ տեսել, բայց երբեք հավատս չի մարել, երբևէ չեմ մտածել օտարոտի դառնալու, այլուր մնալու և հողս այլոց թողնելու մասին, երբ այստեղ սահմանին կանգնած զինվորը երկյուղը վաղուց մոռացել, դիմակայել է սովորում: Հաստատակամ են նրա քայլերը, չէ՞ որ հաստատակամ է այն հողը, որ արյան գնով պաշտպանվել և մերօրյա սերունդներին է հասել: Արցախում հերոս սոսկ սահմանապահին չեն անվանում, այստեղ հերոս են նրանք, ում ականջներին դղրդյուն է հասնում, ում սիրտը պայթում և կրկին նոր զարկ է առնում, երբ թշնամու արձակած գնդակը «թիրախին» է հասնում... Այստեղ հերոս են նրանք, ովքեր ամուր հավատով հավիտենական խաղաղության են սպասում: Ես էլ հերոս եմ այստեղ, սահմանամերձ Մարտակերտում եմ ապրում ու ապրիլյան պատերազմի արահետով եմ անցել, բայց երբ հողում ամփոփված քաջորդիների քարե քանդակներին եմ նայում, ճմլվում է սիրտս, ցավից կծկվում: 

Ամեն բացվող օր Արցախում երազի թևերով և խաղաղության ակնկալիքով եմ դիմավորում: Նայում եմ հեռուն և փնտրում այն ուղին, որ տանում է դեպի հասկաբեր դաշտերը, ուր խաղաղ է այգաբացը, գերող է թռչունների ծլվլոցը, հոր և որդու քրտնաջան աշխատանքը, նրանց հաց ու պանիր հասցնող աղջնակի բարի ժպիտը: Աչքերիս առջև՝ անծայրածիր դաշտում, հողը հերկում, ցորեն են ցանում: Տեսա՝ ինչպես է տատն իր հին աղորիքը բանեցնում, պապը թոնիրն է վառում, մոր ձեռքով խմոր է հունցվում: Նայում եմ նրանց աչքերին, տեսնում մաշտոցյան տառերն անգին, նայում եմ նրանց ձեռքերին, տեսնում թափը զարկի, որ մի հարվածով մատյան են ստեղծում, ժողովրդի պատմությունն անմահացնում:           

 

Լուիզա Մամունց, Հ. լեզու և գրականություն       1-ին կուրս