Արցախի պետական համալսարան

Հանրապետությունում հուլիսի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների քարոզարշավի հունիսի 23-ին ԼՂՀ նախագահի թեկնածու, գործող Նախագահ Բակո Սահակյանը հանդիպեց Արցախում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների և ուսանողական ակտիվի հետ:

Արցախի մայր բուհում կայացած հանդիպմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պետական այրեր: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանի ողջույնի խոսքից հետո Բակո Սահակյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները:

   Նախագահի թեկնածուն իր ելույթն սկսեց հինգ տարի առաջ ներկայացրած նախընտրական ծրագրից, որը հիմնված էր իր և իր թիմակցիների ուսումնասիրությունների ու երկրի զարգացման տեսլականի վրա: Առաջադրվելով երկրորդ անգամ, իր իսկ խոսքերով, այսօր նա հնարավորություն ունի ներկայացնել ոչ միայն տեսական պատկերացումներ, այլև իր նախընտրական խոստումների արդյունքները և առաջարկել նոր ծրագիր, որի հիմքում նաև պաշտոնավարման հինգ տարիների փորձառությունն է: Ինչպես նախորդ, այնպես էլ ներկա նախընտրական ծրագիրը նախանշում է Արցախի Հանրապետության քաղաքական, հասարակական և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները: Բնականաբար, նոր ծրագիրը սահմանում է ավելի բարձր նշաձող, որին հասնելու համար կպահանջվեն ավելի մեծ ջանքեր ու միջոցներ, և, իհարկե, ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանք: Բակո Սահակյանի խոսքերով՝ երկրի առաջիկա հինգ տարիների և հետագա զարգացման հիմնախնդիրները նախանշվել են քաջ գիտակցելով, որ դրանց լուծումը մեծապես պայմանավորված է լինելու հանրապետության մտավոր ներուժի, կրթության ու գիտության զարգացմամբ, ինչն էլ երկրի գիտական ներուժը ներկայացնող մտավորականների հետ հանդիպման հիմնական նպատակն է հանդիսացել:

   Նախագահ Բակո Սահակյանը հակիրճ ներկայացրեց 2007-2012թթ. համատեղ աշխատանքի հիմնական արդյունքները: Նրա համոզմամբ՝ անցած հինգ տարիներին կատարվածի ամփոփումը թույլ է տալիս արձանագրել, որ ընդհանուր առմամբ հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը: Այդ մասին են վկայում ինչպես 2007-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները, այնպես էլ մեր հանրապետության կենսագործունեության այնպիսի կարևոր ոլորտներում արձանագրված առաջընթացը, ինչպիսիք են պետականաշինությունը, բանակաշինությունը, պաշտպանունակությունը, գյուղը և գյուղատնտեսությունը, սոցիալական ոլորտը, առողջապահությունը, մշակույթը և սպորտը, արտաքին քաղաքականությունը: Տարեցտարի էլ ավելի է ամրապնդվել Պաշտպանության բանակի մարտունակությունը, աճել է նրա ռազմական հզորությունը: Զինված ուժերը հուսալիորեն պաշտպանում են երկրի սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը:

   Ըստ Բակո Սահակյանի՝ Արցախի իշխանությունների իրականացված քաղաքականության շնորհիվ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հաջողվել է ոչ միայն խուսափել ցնցումներից, այլև ապահովել 10,5 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ: Անցած հինգ տարիների ընթացքում երկրի համառախն ներքին արդյունքը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 135,5 մլրդ դրամ: Նշված ժամանակահատվածում ՀՆԱ-ն մեկ բնակչի հաշվով աճել է մոտ 84 տոկոսով` կազմելով 936.000 դրամ՝ 2007-ի 510.000-ի դիմաց: Արդյունաբերական արտադրանքի տարեկան ծավալն աճել է ավելի քան երկու անգամ, կամ 23,4 մլրդ դրամով` հասնելով 45,8 մլրդ դրամի:

   Շարունակելով ներկայացնել անցած հինգ տարիների տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները` երկրի ղեկավարն անդրադարձավ նաև շինարարության, գյուղատնտեսության, արտաքին առևտրի, էներգետիկայի, հանքագործության, հեռահաղորդակցության, զբոսաշրջության և բոլոր մյուս ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին:

   Բակո Սահակյանի կարծիքով, այդուհանդերձ, նախագահության առաջին ժամկետում նախընտրական ծրագրի ոչ բոլոր կետերն են հաջողվել իրականացնել ամբողջությամբ: «Այն ճանապարհը, որ մենք անցել ենք ձեզ հետ միասին` այս հինգ տարիների ընթացքում, ամենևին էլ հեշտ չէր: Իսկ առանձին դեպքերում այն նույնիսկ ավելի բարդ էր, քան կարելի էր սպասել ի սկզբանե: Դա ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Սակայն յուրաքանչյուր գործընթաց պետք է անցնի որոշակի ճանապարհ` մինչև բարեհաջող ավարտը:Մտնելով նոր նախընտրական արշավի մեջ ես քաջ գիտակցում եմ, որ Արցախի սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական զարգացման նախկին ծրագրերը շարունակելուց ու դրանց իրագործման ընթացքում թույլ տրված որոշ բացթողումները վերացնելուց բացի պետք է կենտրոնանամ նաև ժամանակի կողմից առաջադրված նոր խնդիրների լուծման վրա »,- ասաց Բակո Սահակյանը:

   Գործող Նախագահը հատուկ կանգ առավ գիտության և կրթության խնդիրների վրա, քանզի, իր իսկ խոսքերով, հետագա տարիների համար երկրի զարգացման կայուն աճ ապահովելու հիմնական գրավականը գիտության գործոնի կարևորումն է և նրա լիարժեք օգտագործումը: Այդ ներուժն Արցախում առկա է: Ավելին. դա այն հարստությունն է, որով միշտ առանձնացել է Արցախը` աշխարհին տալով այնպիսի գիտնականներ, ովքեր իրենց փայլուն մտքով կարևոր ու անգնահատելի դերակատարություն են ունեցել մարդկության կյանքում: Այդ ներուժը պետք է նորից երևան հանել, հնարավորություններ ստեղծել և օգտագործել ի շահ մեր երկրի և մեր ժողովրդի, ասաց Բակո Սահակյանը: