Արցախի պետական համալսարան

MyCollages StepԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ստեփանակերտի տոնին նվիրված կազմակերպել է շարադրությունների մրցույթ, որին մասնակցում էին նույն ֆակուլտետի ուսանողները: Մրցույթում մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է «Քիմիա» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Գրիգորյանը, որի աշխատանքը ներկայացնում ենք ստորև.

 Իմ չճանաչված երկրի քաղաքը, իմ չճանաչված երկրի մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը, մանկական անխռով հուշերիս, երազանքներիս ու իղձերիս քաղաքն է։ Ամեն լուսաբացի ես զգում եմ իմ հայրենի քաղաքի զարկերակի շունչը և ինձ հաճախ թվում է, թե նա ինձ բարի առավոտ է ասում, իսկ երեկոյան՝ բարի երեկոյի խոսքեր մրմնջում։ Իսկ հաճախ ես զրույցի եմ բռնվում նրա հետ, թերթում եմ պատերազմական տարիների խունացած էջերը։ Տակավին փոքր էի, երբ մայրս ինձ բացատրում էր ծննդավայրիս հետ կապված առանձին դրվագներ։ Դրանք գունեղ էին, հուզառատ, պատկերներով լեցուն։ Ծննդավայրիս հետ կապված զրույցները իմ տարիքին զուգընթաց բովանդակային փոփոխություններ կրեցին, և եկավ մի պահ, երբ ես նաև տխրեցի իմ ծննդավայրի՝ սիրելի Ստեփանակերտի հետ կապված տխուր պատմություններից։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ արկերի ու հրետակոծության շաչյուններից կորացել էր մայրաքաղաքիս մեջքը, կորացել, բայց չէր փշրվել... Մայրս պատմում էր ինձ, որ քաղաքը նման էր մահճում հոգեվարքի մեջ գտնվող վիրավորի, որ համառ ուժերով պայքարում էր կյանքի, ապրելու ու արարելու համար։ Ավերված շենքերն ու տները կույր մարդու հայացքով էին նայում ու տնքում ծխի ու մրի, արյան հոտի ծանրությունից։ Իմ քաղաքը շնչահեղձ էր լինում հակառակորդի ճնշումներից, և հայրս, որ այն ժամանակ երիտասարդ էր, զինվորագրվեց Արցախ աշխարհի ազատագրության պայքարին։ Եվ եկավ փառահեղ 1992-ը, երբ ազատագրվեց բերդաքաղաք Շուշին։ Հենց այդ պահից սկսեց առողջ տրոփել իմ մայրաքաղաքի սիրտը։ Իսկ նրա վերքերը սկսեցին աստիճանաբար սպիանալ։ Եվ բնության հրամանին ականջալուր կարծես սկսել էին ժպտալ փողոցի թփերն ու ծառերը, որ վաղուց անխնամ ու կոտրատված էին թշնամու չլռող արկերից։ Զուռնա, դհոլի ձայնը սկսեց հաճախակի լսվել։ Իմ հայրն ու մայրը եղան ապաքինվող քաղաքի ամուսնացող առաջին զույգերից մեկը, և իմ ծնունդով ես էլ մի բուռ ուրախություն բերեցի իմ քաղաքին։ Ես երջանիկ եմ, որովհետև ազատ ու անկախ երկրի քաղաքացի եմ, երջանիկ եմ, որովհետև Ազատամարտիկների փողոցը ինձ տանում է հրապարակ, որտեղից ինձ, ասես ժպտում են քաղաքապետարանի, կառավարության ու Ազգային ժողովի շենքերը, իսկ երեկոյան երգող շատրվանները խաղաղության երգ են հյուսում բոլոր ստեփանակերտցիների համար։ Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Ստեփանակերտը կդառնա իմ ճանաչված երկրի մայրաքաղաքը։ Եվ այն ժամ ես զրույցի կբռնվեմ ինձ օրոր ասած քաղաքի հետ, կպատմեմ ինձ պարգևած քաղցր մանկության հուշերը և կերգեմ նրա մասին հյուսած երգերը։ Հետո լույս կբացվի և ես կտեսնեմ տարօրինակորեն մարդաշատ մի քաղաք և մեքենաների անծիր շարասյուն, շքերթ ու խրոխտ քայլերգ, դրոշներ ու ծաղիկներ և դա կլինի իմ ճանաչված երկրի մայրաքաղաքի առաջին առավոտը։ Հետո կլինի թեժ կեսօր, խրախճանք ու խնջույք, իսկ երեկոյան իմ մայրաքաղաքի բարի երեկոն թևերը կփռի խելահեղ հրավառությունից հետո։ Արցախը ճանաչած երկրների բոլոր հյուրերը կճաշակեն իմ մայրաքաղաքի հեքիաթային երեկոն, իսկ ես , ես նրանց կպատմեմ իմ քաղաքի հեքիաթը։