Արցախի պետական համալսարան

IMG 3700   IMG 3506gana

IMG 3550gana   IMG 3690gana   

Հոկտեմբերի 16-ին Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի պետական և համայնքային կառավարման ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Հաննա Ավանեսյանը:

Դասախոսության թեմաներն էին «Անհատի ճանաչողական ընդունակությունները» և «Հոգեբանական խորհրդատվության հիմունքները», որին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, դասախոսներ, ուսանողներ: Պրոռեկտորը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել համալսարան այցելելու և դասախոսելու համար՝ կարևորելով դրա արդյունավետությունը մասնագիտության հանդեպ հետաքրքրության ձեռքբերման համար:

Նա խոսել է հոգեկան գործընթացներից՝ մանրամասն ներկայացնելով ճանաչողական-իմացական ոլորտը ներառող ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը, խոսքը:

Անդրադառնալով գործընթացներից մեկին՝ հիշողությանը՝ հոգեբանը նշել է, որ լավ հիշողություն ունեցող մարդն ունի մի շարք առավելություններ, քանի որ դրա շնորհիվ լավ է սովորում, ինչ-որ նոր բան սովորելով` կարողանում է խորացնել գիտելիքները, արդյունավետ աշխատել ու տիրապետել հսկայածավալ տեղեկության: Նրա խոսքով՝ հիշելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ:

Նա նաև խոսել է վախի դրսևորման ձևերից և գործոններից: «Հիմնախնդիրը արդիական է, քանի որ հասարակական կյանքի արագ փոփոխությունների արդյունքում կրթության և դաստիարակության աղճատվածությունը, տեղեկատվության ծավալն ու ինտենսիվությունը հանգեցրել են նորանոր վախերի ձևավորման»,- ասել է Հաննա Ավանեսյանը՝ խորհուրդ տալով ուսանողներին լինել հոգեբանորեն հանգիստ վիճակում:

Հոգեբանը ընդգծել է, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել և օգնել այն մարդկանց, ովքեր գտնվում են դեպրեսիայի, նյարդային լարվածության, տագնապային վիճակների մեջ՝ խորհուրդ տալով պահել հավասարակշռությունը:

Մասնագետը պատասխանել է ներկաների հարցերին՝ քննարկելով այն խնդիրները, որոնց առնչվելու են պրակտիկ գործունեության մեջ: