Արցախի պետական համալսարան

IMG 2635 IMG 2645

IMG 2647 IMG 2651

Արցախի պետական համալսարանի ուսանողները հաճախակի են առնչվում մայր բուհում գործող հրատարակչության հետ: Համալսարանն ունի փոքր, բայց նորագույն սարքավորումներով ապահովված հրատարակչություն։ Այն ստեղծվել է 2001 թվականին: Նախքան հրատարակչության ստեղծումը` մայր բուհին վերաբերող բոլոր աշխատանքները տպագրվում էին Ստեփանակերտ քաղաքի տպարաններում («Դիզակ»,«Սոնա»,«Պոլիգրաֆ»):

Հրատարակչության ստեղծման առաջին օրերից համապատասխան սարքավորումները չէին ապահովում ամբողջական աշխատանքը: Սակայն ժամանակի ընթացքում ձեռք բերվեցին անհրաժեշտ սարքավորումներ, որոնք այսօր ամբողջովին լիարժեք են դարձրել հրատարակչության աշխատանքը: Այստեղ առկա են բոլոր այն տպագրական սարքավորումները, որոնցով կատարվում են տպագրում և պատճենահանում: Պետք է նշել, որ, համեմատած այլ հրատարակչությունների հետ, այստեղ, հատկապես ուսանողների համար, գնային տարբերությունը մեծ է` մատչելի լինելու առումով, տպագրումն ու պատճենահանումը կատարվում են սև և գունավոր եղանակներով, կրկնակի ցածր գներով:

Հրատարակչության տնօրեն Եղիշե Առուշանյանը նշում է, որ այստեղ գործող սարքավորումները ունեն մեծ առավելություններ, և կարող են կարճ ժամանակահատվածում ստանալ մեծ քանակությամբ տպագրված նյութեր ու գրքեր: Իսկ այն հարցին, թե ինչպիսի հեռանկարներ կան հրատարակչության գործունեությունը բարելավելու ուղղությամբ, Եղիշե Առուշանյանը պատասխանել է. «Հրատարակչությունում չկան այնպիսի խնդիրներ, որոնք լուծված չլինեն, կարելի է ընդամենը երկրորդական սարքավորումները փոխարինել նորով, իսկ եվրոպական ստանդարտներով կառուցվող գլխավոր մասնաշենքում այն կունենա ավելի ընդլայնված գործունեություն: Մեր գլխավոր նպատակը նոր շենք տեղափոխվելն ու նպաստավոր պայմաններ ստեղծելն է»:

ԱրՊՀ հրատարակչությունում են տպագրվում «Արցախի համալսարան» պաշտոնաթերթը, ուսանողական «Քո ժամանակը» թերթը, Գիտական տեղեկագիրը, դասախոսների ուսումնամեթոդական ձեռնարկները և այլ աշխատություններ, գրքեր:

Ահա այսպիսինն է մայր բուհի հրատարակչական աշխարհը:

Մոնիկա Օհանջանյան, լրագրություն 1-ին կուրս