Արցախի պետական համալսարանում դասընթաց է վարել Պրահայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ասպիրանտ Վալենտին Արտյոմովը

18.10

2019

IMG 3858 IMG 3837

Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 17-ը Արցախի պետական համալսարանում դասընթաց է վարել Պրահայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ասպիրանտ Վալենտին Արտյոմովը: Դասընթացի թեմաներն էին «Վիճակագրությունը» և «էկոնոմետրիկան», որին մասնակցել են տնտեսագիտության ֆակուլտետի տարբեր մասնագիտության ուսանողներ:

Ասպիրանտը ներկայացրել է վիճակագրության և էկոնոմետրիկայի հիմնական դրույթները, ռեգրեսիայի անուղղակի գիծը, տոկոսային փոփոխությունը, գծային ռեգրեսիան, ոլորտում կիրառվող տվյալները:

«Ռեգրեսիոն վերլուծությունը էկոնոմետրիկայի հիմնական և ամենահաճախ օգտագործվող մեթոդներից է: Այն վիճակագրական մեթոդ է, որն ուսումնասիրում է որևէ կախյալ փոփոխականի (Y) և մեկ կամ մի քանի անկախ փոփոխականների (X1,X2,...,Xn) միջև կախվածությունը»,- նշել է մասնագետը՝ ներկայացնելով ու բացատրելով բանաձևերը:

Նա նաև անդրադարձել է գնահատման հաջորդականությանը՝ ներկայացնելով մոդելի ձևակերպումը, գործակցի գնահատումը, գնահատումների տարբերությունը:

Բանախոսը հիմնականում ուշադրություն է դարձրել ոլորտում թույլ տրվող հիմնական սխալներին և դրանց շուրջ հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել ուսանողներին:

Ուսանողները կարևորել են նման դասախոսությունների և գործնական պարապմունքների նշանակությունը մասնագիտության մեջ կայանալու համար՝ ցանկություն հայտնելով, որ շարունակական բնույթ կրի: